Մատչելիության հղումներ

Օգոստոսի 14-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթը մեկնաբանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ղարաբաղի հարցով երեկ Բաքվում արած հայտարարությունը: Պուտինը, հիշեցնենք, ասել էր. - «Ուզում եմ հատուկ ընդգծել` Ռուսաստանը ակտիվորեն նպաստում է հարցի կարգավորմանը, որը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով»: Թերթն այս կապակցությամբ գրում է. - «Չի կարելի չնկատել Պուտինի օգտագործած «քաղաքական միջոցներով» արտահայտությունը: Սովորաբար Ղարաբաղի հարցի վերաբերյալ գերտերությունների ղեկավարներն օգտագործում են «խնդիրը պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի» ձևակերպումը: Մինչդեռ Պուտինը գերադասում է «քաղաքական միջոցներ» արտահայտությունը, որը, թեև նույնպես նշանակում է ոչ-պատերազմական եղանակով, սակայն այդուամենայնիվ տարբեր է «խաղաղ ճանապարհով» եզրույթից»:

lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Ռուսաստանի նախագահ Պուտինի Բաքու կատարած այցը «նշանավորվեց» նրանով, որ փաստաթղթեր ստորագրելու ժամանակ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը հայտարարելիս «հաղորդավարը» հայհոյախառն բառ օգտագործեց:
Ըստ ամենայնի, եղել է լեզվի սայթաքում, որովհետև դժվար թե Բաքվում դժգոհ լինեին Լավրովից և ընդհանրապես Ռուսաստանից: Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջին շրջանում մի շարք հարցերում ցուցաբերում են շահերի ընդհանրություն և սերտ ռազմաքաղաքական համագործակցություն, մասնավորապես Հայաստանի եվրաինտեգրման հարցում և Ղարաբաղի կարգավորման ասպարեզում: Մասնավորապես, այս տարվա մայիսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին, ասել էր. «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլև` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որևէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում»: «Այսքանից հետո, դժվար է ենթադրել, թե Բաքվում ինչու է տեղի ունեցել «լեզվի սայթաքում»», - եզրակացնում է էլեկտրոնային պարբերականի մեկնաբանը:

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Շարմազանովը պրիմիտիվ և հիմնազուրկ է համարել այն բոլոր վերլուծությունները, որ հարևան երկրի նախագահը՝ Իլհամ Ալիևը, ավելի հաջողակ էր, քան Սերժ Սարգսյանը, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ այցելեց այդ երկիր, իսկ հայաստանյան ընտրություններից առաջ անընդհատ լուրեր տարածվեցին ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ, բայց այցն այդպես էլ չկայացավ: «Ի տարբերություն Ադրբեջանի՝ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերություններն ավելի խորքային և դաշնակցային են, քան՝ կոնյունկտուրային: Բայց չեմ բացառում, որ ՌԴ նախագահի այս այցը Ադրբեջանի ղեկավարությունը օգտագործի ներքաղաքական նպատակներով», - ասել է Շարմազանովը: Իբրև իշխող կուսակցության ներկայացուցիչ, Շարմազանովը նորմալ է վերաբերվում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ղեկավարի այցին Ադրբեջանի հանրապետություն. - «Սա առաջին դեպքը չի, հարևան երկրներ են, սահմանային երկրներ, բազմաթիվ հարցեր կան՝ Կասպիական, տարածաշրջանային, տնտեսական ու այն վերլուծությունները, որոնք այս այցի առիթով հնչում են փորձագետների և վերլուծաբանների շուրթերից, մի քիչ պրիմիտիվ են: Պետք չէ այդ այցից զարմանալ: Այդ այցից չեն կախված ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները, դրանք շատ դինամիկ և խորքային զարգանում են և կոնյունկտուրային կամ նախընտրական PR նշանակություն չունեն»:

Ըստ «Հրապարակ» թերթի, Հայաստանի պետական ապարատն անհարկի ուռճացված է, ինչը հսկայական և անտեղի ծախսերի տեղիք է տալիս: Թերթի խմբագիրը գրում է. - «Ի՞նչ իմաստ ունի պահել հսկայական բյուրոկրատական ապարատ, որն իր անելիքը չգիտի և ավելի շատ խանգարում է գործ անող մարդուն, քան օգնում: Ինչ կուզեք ասեք, բայց ես, օրինակ, բացարձակապես չեմ հասկանում սփյուռքի նախարարության իմաստը: Կասեք՝ ամենաակտիվ նախարարությո՞ւնն է՝ իր գերակտիվ նախարարուհիով: Դե, ամենաշատն է երևում էկրանին, ամենաշատն է խոսում ու ամենաշատ միջոցառումներն է կազմակերպում: Բայց եթե ուշադիր լինեք այդ միջոցառումների բովանդակությանը, դրանց գերակշռող մասը կրթության և գիտության նախարարության գործառույթներից է, մյուսը՝ քաղաքապետարանների ու մարզպետարանների, մի հսկա հատված էլ` մշակույթի նախարարության: Եթե սփյուռքի նախարարությունը գործող կառույց է, և այն պահելու անհրաժեշտությունը կա, ուրեմն պետք է կրճատվեն կամ փակվեն վերը նշածս կառույցներից մի քանիսը: Եթե՝ ոչ, ուրեմն սփյուռքի նախարարության անելիքներն անհայտ են և հատուկ Հրանուշ Հակոբյանի համար ստեղծված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG