Մատչելիության հղումներ

Նավալնին շարունակում է բացահայտումները


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 30-ը հուլիսի, 2013թ․

Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 30-ը հուլիսի, 2013թ․

Ընդդիմադիր գործչի նոր բացահայտումները վերաբերում են Սոբյանինի ավագ դստեր ունեցվածքին և գործունեությանը:

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին շարունակում է բացահայտել իր մրցակցի` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար և քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի հարազատների միլիոնների հասնող կարողությունները:

Հիշեցնենք, օրեր առաջ Նավալնին արդեն մի սկանդալային բացահայտում արել էր Սոբյանինի անչափահաս դստերը՝ 16-ամյա Օլգային պատկանող 5․5 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի վերաբերյալ, նշելով, որ դա նույն բնակարանն է, որը Տյումենից Մոսկվա եկած պետական ծառայող Սոբյանինին տրվել էր որպես ծառայողական բնակարան և որը նա ըստ օրենքի իրավունք չուներ սեփականաշնորհել:

Այս սկանդալը դեռ չմարած՝ Ալեքսեյ Նավալնին նոր բացահայտումներ է կատարում, այս անգամ Սոբյանինի ավագ դստեր` 27-ամյա Աննա Սոբյանինայի բնակարանի վերաբերյալ: Պարզվում է՝ Մոսկվայի գործող քաղաքապետի ավագ դուստրն էլ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում 200 քառակուսի մետրից ավելի մակերեսով բնակարանի տեր է, որի մոտավոր արժեքը 3․5 միլիոն դոլար է կազմում:

Նավալնին հեգնում է, որ, իհարկե, Սոբյանինի 27-ամյա դուստրը սեփական քրտինքով է վաստակել միլիոնները, քանի որ զարմանալիորեն տաղանդավոր բիզնես լեդի է, և հավելում է՝ նրա գործարար ջիղը ի հայտ է գալիս հենց այն ժամանակ, երբ հայրը պետական ծառայության է անցնում:

Նավալնին իր հոդվածում բաց և հրապարակային աղբյուրների տեղեկատվությունը բերելով՝ ներկայացնում է, թե ինչ բիզնեսով է զբաղվում Սոբյանինի աղջիկը և որն է նրա հաջողության գաղտնիքը: Պարզվում է, Աննա Սոբյանինան հիմնադրել է «Ֆորուս գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է շինարարությամբ, նախագծային աշխատանքներով և սեփական կահույքի արտադրամասն ունի: Նավալնին նկատում է, որ այդ ընկերության հաճախորդների գերակշիռ մասը պետական կառույցներ են, օրինակ՝ պաշտպանության նախարարությունը հենց Սոբյանինայի կազմակերպությանն է պատվիրել ընդունելությունների տունը կառուցելն ու բանակցությունների դահլիճը կահավորելը, Ռուսաստանի կառավարության պատվերով էլ ընկերությունը կահավորել է խորհրդակցությունների դահլիճը և այլն: Խանտի Մանսիյսկում ընկերությունը կառուցել է տեղի վարչակազմի շենքը, նաև այլ շատ ու շատ շինություններ: Ի դեպ՝ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզը գտնվում է Տյումենի մարզի կազմում, որի նահանգապետը 2001-2005 թվականներին Սերգեյ Սոբյանինն էր:

Նավալնին շեշտում է, որ այս պատվերները Աննա Սոբյանինան ստացել է առանց մրցույթի, և հավելում է․ - «Ինչպիսի զուգադիպություն, պետական ծառայող Սոբյանինի տաղանդավոր դուստրը կահույք է մատակարարում այնտեղ, որտեղ պետծառայում է իր հայր Սերգեյ Սոբյանինը: Իսկ Աննա Սոբյանինայի ընկերության գործունեությունը բացառապես տարածվում է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Խանտի Մանսիյսկի պետական կառույցների վրա»:

Իր հարցադրումները Նավալնին ուղղում է թե՛ Սոբյանինին, թե՛ Ռուսաստանի գլխավոր դատախազությանը:

Մինչդեռ Սոբյանինի հարազատների միլիոնանոց բնակարանների մասին բացահայտումներից անմիջապես հետո դատախազությունը ստուգումներ է սկսել Ալեքսեյ Նավալնու քարոզարշավի նախընտրական ֆինանսական հիմնադրամում՝ կասկածելով օտարերկրյա ֆինանսավորում ստանալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG