Մատչելիության հղումներ

Պուտին. «Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական միջոցներով»


Ղարաբաղյան հիմնախնդիրը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` այսօր Բաքվում մոտ երեք ժամ շարունակված բանակցությունների հիմնական թեմաներից էր:

Դրանց ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարեց. - «Իհարկե, բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք նաև հրատապ միջազգային խնդիրներին, բնականաբար չշրջանցեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Ուզում եմ հատուկ ընդգծել` Ռուսաստանը ակտիվորեն նպաստում է հարցի կարգավորմանը, որը հնարավոր է բացառապես քաղաքական միջոցներով»:

Այսօրվա բանակցությունների ավարտին նաև պարզ դարձավ, որ Ռուսաստանը մուտք է գործում Ադրբեջանի էներգետիկ շուկա: Ռուսական Роснефть ընկերության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ղեկավարները նախագահներ Պուտինի և Ալիևի ներկայությամբ համաձայնագիր ստորագրեցին համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին:

Ռուսական լրատվական Россия 24 հեռուստաալիքի տեղեկություններով՝ նորաստեղծ ռուս - ադրբեջանական էներգետիկ ընկերությունը գործունեություն կծավալի թե՛ Ադրբեջանի և թե՛ Ռուսաստանի տարածքում: Խոսքը հետախուզական աշխատանքների իրականացման և էներգակիրների արդյունահանման մասին է: Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը նշում էր. - «Ադրբեջանն ու Ռուսաստանը էներգետիկ շուկայի խոշորագույն միջազգային դերակատարներից են: Քիչ առաջ դուք ներկա էիք Роснефть-ի և այդ ընկերության ադրբեջանցի գործընկերների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Այսօրվա համաձայնագրերը 15-20 տարվա երկարաժամկետ զարգացման հեռանկարներ ունեն: Այսօր շատ լավ հիմք է դրվում երկար տարիների համագործակցության համար»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG