Մատչելիության հղումներ

Արդեն 19-րդ օրն է Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակվում է շուրջօրյա նստացույցը։ Երիտասարդ ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ այսօր փորձելու են քաղաքապետարանի դիմաց հովանոց տեղադրել։

Ելնելով եղանակային պայմաններից և իրենց առողջական վիճակից ըստ ակտիվիստների դա ուղղակի անհրաժեշտություն է։ Այդ նպատակով նրանք նախապես քաղաքապետարան էլեկտրոնային նամակ էին ուղարկել, որտեղ տեղեկացրել էին իրենց մտադրության մասին: Ակցիայի սկզբում նստացույցի մասնակիցներից Վահագ Մինասյանը բարձրախոսով քաղաքապետարանի աշխատակիցներին կոչ արեց, առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել, իսկ եթե ոչ ապա իրենք կտեղադրեն հովանոցը։ Քիչ անց նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ասաց, որ վրան տեղադրելուն դեմ չէ, բայց դա թույլ կտան միայն քաղաքապետարանի համաձայնությունը ունենալու դեպքում։

Քիչ անց ակտիվիստները ևս մեկ անգամ հայտարարեցին, որ եթե քաղաքապետարանից առարկություններ չկան, ապա սկսում են հովանոցի տեղադրումը, այդ պահին պարզ դարձավ, որ նրանց հետ է պատրաստվում հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Քիչ անց ակտիվիստներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի ընդհանուր բաժնի պետի, ինչպես նա ներկայացավ` փոխարինող Թամարա Գրիգորյանը, ով ասաց, որ ոչ մի նամակ չեն ստացել, և կոչ արեց ևս մեկ անգամ ուղարկել նամակը։

Բանակցություններից դժգոհ մնալով ակտիվիստները ասացին, որ կտեղադրեն հովանոցը, Երևանի փոխոստիկանապետն էլ զգուշացրեց, որ դա թույլ չեն տալու։ Վահագ Մինասյանը որոշեց այն տեղադրել սեփական մեքենայի վրա, արդյունքում հովանոցը տեղադրվեց։ Երևանի փոխոստիկանապետն էլ զգուշացրեց, որ թույլ չեն տալու վրանը իջեցնել մեքենայի վրայից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նստացույցի մասնակից Վահագ Մինասյանը ասաց, որ կսպասեն մինչև վաղը: Այդ ընթացքում քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին հովանոց տեղադրելու մասին ևս մեկ նամակ կուղարկեն, իսկ պատասխան չստանալու դեպքում արդեն վաղը հովանոցը կիջեցնեն մեքենայի վրայից։

Ի դեպ այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստներից Միհրան Մելքոնյանին։ Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ ակտիվիստին բերման են ենթարկել Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները, իսկ պատճառը նստացույցի հետ կապ չունի։

Հուլիսի 26-ից քաղաքապետարանի դիմաց շուրջօրյա նստացույց անող ակտիվիստները պահանջում են Երևանի տրանսպորտի վաչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք ասացին, որ եթե առաջիկա օրերին որևէ առաջընթաց չլինի պահանջների կատարման հարցում, ապա հնարավոր է փոխեն մարտավարությունը։
XS
SM
MD
LG