Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը ծրագրել է համազգային հանրահավաքներ


Երեկ մի քանի ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո Ադրբեջանի միավորված ընդդիմությունը՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որոշել է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Որոշումն ընդունվել է չնայած այն հանգամանքին, որ թեկնածուն կես տարուց ավելի չի եղել Բաքվում եւ հիմա էլ չի համարձակվում հայրենիք վերադառնալ՝ իշխանությունների բացահայտ սպառնալիքների պատճառով, քանի որ մտավախություն ունի, թե կարող է ձերբակալվել հենց օդանավակայանում:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Ադրբեջանի դատախազությունը հաղորդեց, թե քրեական գործ է հարուցվել Կինեմատոգրաֆիստների միությունում հայտնաբերված չարաշահումների փաստով, ինչի համար, չի բացառվում, որ օսկարակիր կինոբեմադրիչը կանգնի դատարանի առջև:

Նշենք, որ սեփական երկրի իշխանություններից բացի, Իբրահիմբեկովը խնդիրներ ունի նաև Ռուսաստանի ղեկավարության հետ. արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ հանրահայտ գործիչը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում է հղել նախագահ Պուտինին, Կրեմլը, սակայն, մինչև օրս այդ դիմումը չի բավարարել:

Չնայած այս ամենին՝ ադրբեջանական ընդդիմությունը երեկ որոշել է չփոխել մարտավարությունն ու պայքարել մինչև վերջ՝ Իբրահիմբեկովի հետ միասին: «Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում և սկսում ենք արդեն պատրաստել նրա առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը», - հայտարարել է Միացյալ ազգային խորհրդի քարտուղար Էլդար Նամազովը:

Պայքարը թեժացնելու համար ընդդիմադիր ճակատը նաև ծրագրում է համազգային հանրահավաքներ ու ցույցեր սկսել՝ ժողովրդավարական ուժերը մոբիլիզացնելու և իշխանություններից ժողովրդավարական ընտրություններ պահանջելու համար:

«Առաջին հանրահավաքը տեղի կունենա այս կիրակի և ցույց կտա, որ մենք վճռական ենք՝ օրինական եւ խաղաղ ճանապարհով իշխանափոխության հասնել Ադրբեջանում», - հայտարարել է Ազգային խորհրդի անդամ Միրմահմուդ Միրալիօղլին, ում խոսքով, իրենք արդեն տեղեկացրել են Բաքվի իշխանություններին ծրագրվող հանրահավաքի մասին, որին, ընդդիմադիրների կանխատեսումներով, մասնակցելու է մոտ 20 հազար մարդ:

Իշխող վարչակազմի արձագանքը չի ուշացել. հենց այսօր Ալիևի «Յենի Ազերբայջան» կուսակցության քարտուղարը հայտարարել է, թե Իրբահիմբեկովի գրանցումն անօրինական է, և զգուշացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այն մերժելու է՝ մի քանի պատճառներով:

Առաջինը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, Իբրահիմբեկովի ռուսական անձնագիրն է. - «Սահմանադրության համաձայն, քանի դեռ նա այլ երկրի քաղաքացի է, չի կարող հավակնել Ադրբեջանի նախագահի պաշտոնին», - ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, փաստել է իշխող կուսկացության ներկայացուցիչը և հավելել, որ եթե անգամ այդ խնդիրը լուծվի, միևնույն է, ԿԸՀ-ն Իբրահիմբեկովին չի գրանցի:

«Կա նաև մեկ այլ խնդիր՝ Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն կարող է ինքնառաջադրվել կամ առաջադրվել քաղաքական կուսակցության կողմից, մինչդեռ ընդդիմադիրների ստեղծած Ազգային խորհուրդը դեռևս որպես կուսակցություն չի գրանցվել», - զգուշացրել է իշխող կուսակցությունը:

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ Իբրահիմբեկովի առաջադրումը չգրանցելու բացահայտ սպառնալիքներից բացի, վարչակազմը նաև ժամ առ ժամ սաստկացնում է ճնշումները: Այսօր, մասնավորապես, Բաքվում միանգամից երեք վճիռ է կայացվել՝ ամենատարբեր մեղադրանքներով ազատազրկված երեք ընդդիմադիր գործիչների պատիժը խստացնելու կամ առնվազն ուժի մեջ թողնելու վերաբերյալ:

Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ հեղինակավոր Amnesty International կազմակերպությունը փաստել էր, որ Ադրբեջանը ընտրությունների է գնում առնվազն 14 քաղբանտարկյալներով, և կոչ էր արել Ալիևի վարչակազմին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել նրանց:

Այսօր էլ հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտգործնածարար Քեթրին Էշթոնի գրասենյակը՝ կոչ անելով Բաքվին հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների համար:

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումը չի սահմանափակվում միայն քվեարկության օրով, այն տարածվում է ողջ քարոզարշավի վրա: Ավելորդ է ասել, որ բոլոր թեկնածուներին պետք է հնարավորություն տրվի մասնակցել ընտրություններին», - ժամեր առաջ Բրյուսելում հայտարարել է Քեթրին Էշթոնի խոսնակ Մայքլ Մաննը՝ հիշեցնելով, որ այս կոչը առաջին անգամը չէ, որ հնչում միջազգային հանրության կողմից․ - «Անցած ամիս հրապարակվեց ԵԱՀԿ առաքելության զեկույցը, որն ընդգծում է մի շարք հարցեր, որոնց Ադրբեջանի իշխանությունները պետք է արձագանքեն հիմա, երբ սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք պաշտպանում ենք այդ զեկույցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG