Մատչելիության հղումներ

Ակցիայի մասնակիցը բերման ենթարկվեց՝ այլ գործով


Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մեկին` Միհրան Մելքոնյանին:

Ինչպես լրագրողներին փոխանցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Մելքոնյանին բերման ենթարկելը կապ չունի քաղաքապետարանի մոտ անցկացվող ակցիայի հետ:

Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Միհրան Մելքոնյանը, ով 22 տարեկան է, Սպիտակ քաղաքի բնակիչ, 2011 թվականի փետրվարին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 362 հոդվածի առաջին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման: Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012-ի դեկտեմբերի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում: Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի սկզբին որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին:

Ոստիկանությունը փոխանցում է նաև, որ «Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել…»:

Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG