Մատչելիության հղումներ

Ալիզադե. «Ալիևը Սարգսյանից ավելի հաջողակ է Պուտինի աջակցությունը ստանալու հարցում»


Ադրբեջանցի վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ

Ադրբեջանցի վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ

Ադրբեջանցի վերլուծաբանի կարծիքով՝ Երևանից հնչող մտավախությունները հիմնազուրկ են:

Բաքվեցի քաղաքագետների կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա աշխատանքային այցի հիմնական նպատակը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Իլհամ Ալիևին հստակ աջակցություն ցուցաբերելն է:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում վերուծաբան Զարդուշտ Ալիզադեն այսօր նկատում էր․ - «Սա Իլհամ Ալիևի թախանձագին խնդրանքի կատարումն է: Ադրբեջանի նախագահը Պուտինին խնդրել է, որպեսզի նա ժամանի Բաքու և ի ցույց դնի, որ որևէ խնդիր նրանց միջև գոյություն չունի, որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի ներկա վարչակազմին»:

Սա, ըստ Ալիզադեի, նորմալ երևույթ է Հարավային Կովկասի համար՝ «թերևս բացառությամբ Վրաստանի»:

«Սերժ Սարգսյանն էլ շատ էր ցանկանում Պուտինին Երևան բերել` հայկական էլիտային ցույց տալու համար, որ իրեն Մոսկվայում աջակցում են: Ի տարբերություն Իլհամ Ալիևի՝ Սերժ Սարգսյանին դա չհաջողվեց: Ի վերջո, Իլհամ Ալիևը ավելի շատ ռեսուրսներ ունի: Իլհամ Ալիևը մեկօրյա այցով Մոսկվայում էր և կարողացավ համոզել Պուտինին՝ ժամանել Բաքու և հրապարակային աջակցություն ցուցաբերել իրեն», - նշում է ադրբեջանցի վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ Երևանից պարբերաբար հնչող մտավախությունները, թե ռուս - ադրբեջանական մերձեցումը կարող է ինչ-որ կերպ փոխել ուժերի հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղում, հիմնազուրկ են:

«Հայաստանը կարող է հանգիստ լինել: Ղարաբաղյան խնդրի ներկա չկարգավորված վիճակը ձեռնտու է Ռուսաստանի իշխանություններին, քանի որ դա Հարավային Կովկասի վրա ազդեցության ազդեցիկ մի գործիք է: Հարավային Կովկասի կորուստը կարող է մեխանիկորեն հանգեցնել Հյուսիսային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը: Առանց այդ էլ այնտեղ իրավիճակը այնքան էլ հանդարտ չէ», - ասում է Զարդուշտ Ալիզադեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG