Մատչելիության հղումներ

Վրաստանի ԿԸՀ-ի նախագահի հրաժարականը՝ անսպասելի քայլ


Զուրաբ Խարատիշվիլի, արխիվ
Զուրաբ Խարատիշվիլի, արխիվ

Զուրաբ Խարատիշվիլին պատրաստվում է վաղը անձամբ ներկայացնել իր որոշման պատճառները:

Երեկ անսպասելիորեն հրաժարական տվեց Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլին: Սա անսպասելի քայլ է, քանի որ Վրաստանի նախագահական ընտրություններին մնացել է երկու ամիս: Խարատիշվիլին խորհրդարանի կողմից 2010 թվականին էր ընտրվել ԿԸՀ-ի նախագահ՝ հինգ տարի ժամկետով:

Նրա վաղաժամկետ հրաժարականի մասին երեկ հայտնել է ԿԸՀ-ի մամուլի խսնակը՝ նշելով, որ չի կարող որևէ պարզաբանում տալ:

«Զուրաբ Խարատիշվիլին պատրաստվում է օգոստոսի 15-ին անձամբ ներկայացնել, թե ինչու նման որոշում ընդունեց: Ես որպես մամուլի խոսնակ չեմ կարող խոսել նրա անձնական պլանների մասին», - ասել է խոսնակ Էկա Ազարաշվիլին:

Վերջինս միայն տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի նախագահը հրաժարականի իր դիմումը արդեն ուղարկել է խորհրդարան, քանի որ ԿԸՀ-ի նախագահի վաղաժամկետ հրաժարականը պետք է ընդունի խորհրդարանը: Եթե խորհրդարանը 15-օրյա ժամկետում չընդունի նրա հրաժարականը, ապա միևնույն է՝ դիմումից 15 օր անց համարվում է, որ ԿԸՀ-ի նախագահը հեռացել է պաշտոնից, այսինքն՝ նրա հրաժարականը մեխանիկորեն այսպես թե այնպես ուժի մեջ է մտնելու:

Ըստ օրենքի, երկրի նախագահը՝ Միխեիլ Սաակաշվիլին, խորհրդակցելով քաղաքացիական սեկտորի հետ, ԿԸՀ-ի նոր նախագահի երեք թեկնածու պետք է առաջադրի:

ԿԸՀ-ի նախագահի ընտրությունը կատարելու են հանձնաժողովի անդամները: Տվյալ պահին ԿԸՀ-ում ուժերը հավասարաչափ են բաշխված: 13 անդամից բաղկացած հանձնաժողովի նախագահը հիմա չկա: Հինգ անդամներ առաջադրված էին երկրի նախագահի կողմից, որոնք հաստատվել էին խորհրդարանում, ևս մեկ տեղ Սաակաշվիլիի կուսակցությունը ստացել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ այդ ընտրություներում հաղթած վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքին ԿԸՀ-ում վեց տեղ է հասել:

Եթե հնգօրյա ժամկետում ԿԸՀ-ն չկարողանա նախագահ ընտրել, ապա առաջադրված թեկնածուների միջև ընտրություն կանի խորհրդարանը, որտեղ Իվանիշվիլիի դաշինքը մեծամասնություն ունի:

Նշենք, որ հրաժարական տված Զուրաբ Խարատիշվիլին հենց այս եղանակով էր նշանակվել․ 2010-ին ԿԸՀ-ն չկարողացավ նախագահ ընտրել, ու այդ հարցը որոշվեց խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG