Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 13-ի մամուլ


«Արդյո՞ք պետք է սոցիալական բունտ, թե՞ ոչ», - հարցնում է lragir.am-ի մեկնաբանը` շարունակելով․ - «Ակնհայտ է, որ քաղաքական կյանքը նման կերպ շարունակվել չի կարող, այսինքն եթե ուժերը լեգիտիմ չեն, չեն ներկայացնում քաղաքացիներին, իսկ այդ ընթացքում նույն այդ քաղաքացիներն ականատես են լինում, որ առանց այդ ուժերի մասնակցության էլ իրենք ի վիճակի են սեփական խնդիրները ձևակերպել և լուծել, առաջանում է ավտոմատ հարցադրում՝ իսկ ինչ կարիք կա այդ ուժերին վստահելու, քվեարկելու, ընդունելու որպես իշխանություն կամ ընդդիմություն»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք․ - «Շուրջ 20 օր արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանը, օրինակ, ի՞նչ է մտածում իր երկրի ու ժողովրդի մասին այս օրերին: Ինչպե՞ս է կարողանում հանգստանալ, երբ այսքան խնդիրներ են կուտակված մեր երկրում: Կասեք՝ իբր որ աշխատում են, այդ խնդիրները պակասո՞ւմ են: Համաձայն եմ, բայց միևնույն է՝ անհնար է հանգիստ խղճով մեկնել հանգստանալու կամ բուժվելու, երբ երկրումդ բողոքի ցույցեր են, թանկացումներ, արտագաղթ, մեկը մյուսից ապաշնորհ պաշտոնյաներ և հաբռգած օլիգարխներ»:

«Ժողովուրդ» օրաթերթը համադրում է վարչապետի երգն ու արտագաղթի ցուցանիշները՝ գրելով․ - «Մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստների հետ ճամբարում կիթառ էր նվագում ու երգում «Բարով եկար, սիրուն կռունկ», երեկ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը տխուր ցուցանիշներ հրապարակեց: Հերթական անգամ պետք է արձանագրել այն իրողությունը, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում․ մեկում երիտասարդներն ուրախ ու երջանիկ են և վարչապետ հետ երգում են, իսկ մյուսում մեծամասամբ պատրաստ են լքել երկիրը: Ու այսքանից հետո առնվազն զավեշտալի է, որ ՀՀ վարչապետը երգում է»:

«Ժամանակ»-ի խմբագրականն անդրադառնում է Ազգային ժողովի ծախսերին: «Համաշխարհային բանկի միջոցներով Ազգային Ժողովի նիստերի օվալաձև դահլիճում տեղադրվել է օդափոխության համակարգ, որը կհովացնի պատգամավորներին: Ու եթե օդափոխության համակարգը գործի, ապա Ազգային ժողովի դերը ուղղակի կայծակնային արագությամբ կբարձրանա, և պատգամավորները Հայաստանը ուղղակի կողողեն հանրահաճ օրենքներով», - հեգնում է խմբագիրը՝ ավելացնելով․ - «Հայաստանում ԱԺ օդափոխության համակարգի գումարներով կարելի էր շատ ու շատ սոցիալական առավել կարևոր ու կենսական հարցեր լուծել, քան հանրապետական ճարպակալած մեծամասնության կոմֆորտի խնդիրը: Բայց արի ու տես, որ այդ խնդիրն է համարվում առաջնային, և Համաշխարհային բանկից օգնությունը գնում է այս խնդրի լուծմանը, այն դեպքում, երբ դահլիճում, որտեղ ներդրվում է այդ համակարգը, առնվազն 50 տոկոսը ուղղակի միլիոնատերեր են, ընդ որում՝ դոլարով, ոչ թե դրամով»:

Նույն թերթի վելուծաբանը հետահայաց գնահատում է․ - «Այո, ճիշտ էր ասում Սերժ Սարգսյանը, որ Հայաստանի պրոբլեմը «գաղջ» մթնոլորտն է: Բայց ո՞վ և ինչպե՞ս է ձևավորում այդ գաղջ մթնոլորտը: Այս հարցը Սերժ Սարգսյանը պետք է տա ինքն իրեն: Իսկ պատասխանն այն է, որ գաղջ մթնոլորտը ձևավորում է իշխանությունն ինքը, երբ որ նախագահական քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն սուտ է խոսվում՝ նայելով քաղաքացիների աչքերին, երբ որ Երևանի քաղաքապետարանը ակնհայտորեն սուտ տեղեկություններ է տարածում աշխատավարձերի չափի մասին, երբ որ ստում են բոլոր պաշտոնյաները՝ խորհրդարանի նախագահից մինչև կառավարության ղեկավար՝ շարունակաբար քաղաքացիներին հավաստիացնելով, որ ամեն ինչ լավ է»:

ilur.am-ի խմբագրականում կարդում ենք․ - «Ի տարբերություն օրինակարգ, օրինական իշխանության՝ կոռուպցիոն բուրգի, ավազակապետական իշխանության համար կործանարար անարխիկ երևույթները անխուսափելիորեն պիտի առաջանան։ Այս դեպքում ամենազգայուն շերտը գործարար աշխարհն է, որ առաջինն է զգում իրեն սպառնացող վտանգները։ Նա վտանգվելու է ավելի շուտ և ավելի շատ, քան հասարակության մյուս խավերը, եթե անարխիկ երևույթները խորանան և չկանխվեն հասարակական հակազդեցությամբ։ Իսկ հասարակական այդ հակազդեցությունը, որը կարող է երկիրը փրկել անիշխանության արհավիրքներից, այն համաժողովրդական քաղաքական պայքարն է, որի հաղթանակը պսակվում է օրինակարգ իշխանության ձևավորմամբ, ժողովրդավարության հաստատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG