Մատչելիության հղումներ

Ղարաբաղում զբոսաշրջության շոշափելի աճ է արձանագրվել


Գանձասարի եկեղեցին
Գանձասարի եկեղեցին
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղ այցելել են երկու անգամ ավելի օտարերկրյա զբոսաշրջիկներ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

Անցած տարվա ընթացքում շուրջ 16 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ է եղել Լեռնային Ղարաբաղում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ զբոսաշրջության աճը վկայում է, որ ի հեճուկս Արդբեջանի, որը տարատեսակ խոչընդոտներ է հարուցում, հաջողվել է Լեռնային Ղարաբաղը դարձնել մի վայր, որտեղ զբոսաշրջիկն իրեն հանգիստ ու ապահով է զգում:

«Զբոսաշրջության ոլորտում պետությունն իրականացնում է համադրված քաղաքականություն», - ասաց Շահվերդյանը` առանձնացնելով երկու ուղղություն` «նպատակային շուկաներում բարենպաստ իմիջի ձևավորումը» և «երկրի ներսում զբոսաշրջիկի համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը»:

Նրա խոսքով` ընդլայնվել են զբոսաշրջային երթուղիները. այլևս չեն սահմանափակվում այցելություններով Ստեփանակերտ, Շուշի ու Գանձասար. - «Մենք ունենք Տիգրանակերտի հնագիտական թանգարան, բարեկարգված Տնջրի ծառ, մի քանի այլ զբոսաշրջավայրեր»:

Շահվերդյանը գոհունակությամբ նշեց, որ ավելացել են ԼՂ այցելող «ոչ տրադիցիոն զբոսաշրջիկները». - «Եթե նախկինում գալիս էին ավտոբուսով և կազմակերպված պտտվում էին, ապա մենք այսօր տեսնում ենք, որ մարդիկ իրենց ուժերով, առանձին խմբերով գալիս են այստեղ, և արդեն ամբողջ Ղարաբաղը դառնում է զբոսաշրջավայր, որովհետև ըստ նախընտրությունների մարդիկ գնում են անտառներ, շատ հեռու գտնվող հուշարձաններ, լեռնագնացություն կա և այլն»:

Ըստ պաշտոնական տվյալների, մեկ զբոսաշրջիկը Ղարաբաղում մեկ օրում ծախսում է միջին հաշվով հարյուր դոլարին համարժեք դրամ: Անցած տարի զբոսաշրջիներն այստեղ ծախսել են շուրջ 6 մլն դոլար:

«Իրականության մեջ կկարծեի Ղարաբաղը փոքր, գյուղի պես փոքր: Տեսա, որ շատ-շատ մեծ է, ընդարձակ է: Չէի հուսար, որ այսչափ անուշիկ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քուվեյթից եկած հայազգի մի զբոսաշրջիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG