Մատչելիության հղումներ

Բուժում ստանալուց հետո Սահակյանը շարունակում է բողոքի ակցիան


Հայաստան - Երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի առջև, 26-ը հուլիսի, 2013թ․

Հայաստան - Երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի առջև, 26-ը հուլիսի, 2013թ․

Ակտիվիստ Սուրեն Սահակյանը, ով առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր նստացույցը, այսօր կրկին միացել է Երևանի քաղաքապետարանի մոտ հուլիսի 26-ից շարունակվող բողոքի ակցիային:

Սահակյանն անցած շաբաթ ստիպված էր դադարեցնել իր մասնակցությունը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով բողոքի ակցիային, քանի որ կիզիչ արևի տակ 12 օր նստացույց անցկացնելուց հետո նա արևահարվել էր և բարձր ջերմություն ուներ: Բուժում ստանալուց հետո նա կրկին իր ընկերներին է միացել համոզմունքով, որ բողոքի ակցիաներն արդյունք կունենան:

Սուրեն Սահակյանի ընկերները պատրաստվում են հովանոց տեղադրել: 18-րդ օրը նստացույց անցկացնող Վահագն Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այն տեղադրելու են, որպեսզի հնարավորինս ապահովագրեն ինչպես Սահակյանի, այնպես էլ հենց իրենց առողջական վիճակը:

Ոստիկանությունն անցած 18 օրերին հետևողականորեն արգելել է քաղաքապետարանի տարածքում վրան տեղադրել, այս ընթացքում ոստիկանները 4 վրան են առգրավել ակտիվիստներից՝ դրանք տեղադրելու փորձերի ժամանակ, թեև «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մի շարք իրավաբաններ պնդել են, թե վրան տեղադրելու օրենսդրական արգելք չկա:

Քաղաքացիները շարունակում են ջանքերը վրանները ոստիկանությունից հետ ստանալու ուղղությամբ:
XS
SM
MD
LG