Մատչելիության հղումներ

Սիրիայում կրկին հայեր են առևանգվել


Սիրիա -- Հալեպի բանջարեղենի շուկան՝ ռմբակոցությունից քիչ անց, Հալեպ, 31-ը հուլիսի, 2013թ․

Սիրիա -- Հալեպի բանջարեղենի շուկան՝ ռմբակոցությունից քիչ անց, Հալեպ, 31-ը հուլիսի, 2013թ․

Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմադիրները հարձակվում են հայեր տեղափոխող ավտոբուսի վրա, առևանգում ուղևորներին։

Վերջին դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին: Հալեպից Երևան ուղևորվող միկրոավտոբուսի չորս ուղևորները, այդ թվում վարորդը, առևանգվել են։ Զինյալները գերեվարել են միայն տղամարդկանց: Առևանգված ուղևորներից մեկի կնոջն ու աղջկան ազատ են արձակել՝ նրանց հետ ուղարկելով Հալեպ։

Առևանգված 4 հայ երիտասարդների գտնվելու վայրն անհայտ է, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը, մտահոգություն հայտնելով, որ չնայած իրենք հատկապես վերջին շրջանում զգուշացնում են հայկական համայնքին դուրս չգալ Հալեպից, սիրիահայերը շարունակում են իրենց կյանքը վտանգելով լքել հայաշատ քաղաքն ու ենթարկվել ընդդիմադիրների հարձակումներին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի զինյալների կողմից 11 հայ է առևանգվել։ Բոլորն էլ ուղևորվում էին Երևան, և դեռ չհասած թուրք-սիրիական սահման՝ զինյալները հարկադրաբար իջեցրել են ավտոբուսից ու տարել անհայտ ուղղությամբ։ Առևանգվածներից երկուսն ազատ են արձակվել փրկագնի շնորհիվ։

«Վերջին ամիսներին ընդդիմադիրների կողմից Հալեպի շրջափակումից հետո վտանգն ավելի է մեծացել»,- ասում Ռեիսյանը՝ նշելով, որ սա ամենևին չի նշանակում, թե հայկական համայնքը հատուկ թիրախ է ընտրվում։

Սիրիայի կառավարության ու այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների զորքերի միջև ավելի քան երկու տարի շարունակվող հակամարտության ողջ ընթացքում Բերիո թեմը հայտարարել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում հայերի շրջանում զոհերը պատահականության արդյունք են:

Բեյրութում հրապարակվող «Ազդակ» շաբաթաթերթի խմբագրապետ Շահան Քանդահարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ևս նշում է, որ վերջին դեպքերը հայերի նկատմամբ թիրախավորված հարձակման մասին չեն վկայում:

«Հայերը թիրախավորված չեն իբրև էթնիկ խումբ, բայց ընդհանրապես տուժում են, ինչպես պատերազմից տուժում են բոլորը», - մեկնաբանում է նա:

Սիրիական հակամարտության պատճառով հայկական համայնքը ավելի քան 5 տասնյակ զոհ է ունեցել։ Անցած տարվա հոկտեմբերից մինչև օրս գերեվարված են 4 հայեր, որոնց վերաբերյալ հայկական համայնքը լուր չունի։ Անցած ամսվա դեպքերից հետո, ընդհանուր առմամբ սիրիական հակամարտության պատճառով գերեվարված հայերի թիվը հասնում է 13-ի։
XS
SM
MD
LG