Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչները զինվորականների աջակցությամբ են հավաքել աճեցրած բերքը:

«Մենք ունեինք 15 հեկտար աշնանացան ցորեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց սահմանամերձ գյուղի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: - «Մեր բանակի ուժեղացված պոստերի շնորհիվ կարողացանք հավաքել մեր բերքը»:

Սահմանի այս հատվածում հրադադարի ռեժիմը խախտվում է պարբերաբար: Գյուղապետն ասաց, որ վերջին տասն օրերին գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, իսկ դիրքերում կրակոցները հնչում են գրեթե ամեն գիշեր:

Գյուղապետի փոխանցմամբ, գյուղի հողերի այն մասը, որը գտնվում է անմիջապես սահմանին մոտ` կրակի գոտում, չի մշակվում. - «Այն հողամասերն ենք մշակում, որոնք տեսանելի չեն ադրբեջանցիների կողմից: Սահմանի մոտ հողերը չեն մշակվում: Բայց անասունները արոտի հանում են: Մեր հովիվներն արդեն գիտեն, թե ոնց պաշտպանվեն»:

Չինարին օգտվում է սահմանամերձ գյուղերի համար Կառավարության սահմանած որոշ արտոնություններից: Չինարեցիները, օրինակ, այս տարի ազատվել են հողի հարկից, ոռոգման ջրի սակագինը այստեղ 50 տոկոսով զեղչված է:

«Որպես աջակցություն ընդգրկում են նաև մարզային զարգացման ծրագրերում», - հավելեց գյուղապետը:

Բանկերը, Սաղոյանի խոսքով, չինարեցիներին վարկ տրամադրում են մինչև 1000 դոլարի չափով. - «Քանի որ ռիսկայնությունը բարձր է, բանկերը չեն վերցնում որպես գրավ մեր շենքերը, շինությունները»:

Համայնքի ամենասուր խնդիրը, ըստ գյուղապետի, գյուղտեխնիկա, մասնավորապես, կոմբայն չունենալն է, ինչի պատճառով բերքահավաքի ժամանակ իրենց ստիպված են վարձակալությամբ վերցնել հարևան գյուղերի տեխնիկան:

Սաղոյանը ցավով նշեց, որ Չինարիից էլ ոմանք հարկադրված են մեկնել արտագնա աշխատանքի:
XS
SM
MD
LG