Մատչելիության հղումներ

Ուսանողների հերթական բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև


Բուհերում ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող ուսանողները պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Վաղ առավոտից «Ֆեյսբուք»-ից սկիզբ առած նախաձեռնության անդամները, ովքեր պայքարում են ընդդեմ ուսման վարձավճարների բարձրացման, հավաքվել էին Կառավարության շենքի առջև և հանդիպում էին պահանջում վարչապետի հետ:

Նախաձեռնության համակարգող, ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե վարչապետը չընդունի իրենց և չեղյալ չհամարվի ուսման վարձավճարների բարձրացումը, ապա իրենք կդիմեն համապետական դասադուլի:

Թեպետ բուհերի ռեկտորները պնդում են, որ բարձացված վարձավճարների մի մասը հատկացվելու է դասախոսների աշխատավարձի բարձրացմանը, իսկ մյուս մասը` բուհերի տեխնիկական վերազինմանն ուղղված աշխատանքներին, ուսանողները պնդում են, որ դրանք անհիմն բացատրություններ են: Այսպես է մտածում նաև այս տարի ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ ընդունված Անդրանիկ Շիրինյանը: Նշենք, որ այս ֆակուլտետում վարձավճարը բարձրացել է 100 հազարով և կազմում է 800 հազար դրամ:

Ուսանողներին մոտեցավ Կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Երիտասարդները, սակայն, հրաժարվեցին նրան հանձնել իրենց գրավոր դիմում-պահանջը՝ պնդելով, որ ցանկանում են, որպեսզի հենց վարչապետն իջնի իրենց հետ հանդիպման:

Շուրջ 3 ժամ հետո, հայտարարելով, թե Երիտասարդության միջազգային օրն անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանն արհամարհեց իրենց, ուսանողները շարժվեցին դեպի Կրթության և գիտության նախարարություն:

Նախարարության աշխատակիցը ցուցարարներին տեղեկացրեց, որ նախարարը պատրաստվում է ուսանողների հետ կլոր սեղան-քննարկում կազմակերպել: Վերջիններս, սակայն, մերժեցին առաջարկը` հայտարարելով, որ իրենք դեմ են կուլիսային հանդիպումներին եւ պահանջում են, որպեսզի Աշոտյանն անձամբ իջնի ու դրսում լսի իրենց պահանջները:
XS
SM
MD
LG