Մատչելիության հղումներ

Զբաղվածության մարզային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, Լոռու մարզում գրանցված է 7 հազար 29 գործազուրկ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը նվազել է գրեթե մեկուկես հազարով:

Գործազուրկի կարգավիճակ ունեցողների թվի նվազումը վանաձորցիներից շատերը պայմանավորում են ավելի ու ավելի մեծ չափեր ընդունող արտագաղթով:

Գործազրկությունն ու գնաճը, ըստ վանաձորցիների, գլխավորում են մարզի սոցիալական խնդիրների ցանկը:

«Աշխատանք չլինելն ու այս թանկությունները: Հերիք չի՞», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց միջին տարիքի մի կին:

«Գործազրկությունը ու դրանից բխող ֆինանսական խնդիրը: Ժողովուրդը դրանից է բողոքում, գումար չկա ժողովրդի մոտ: Անգործություն, փողի պակաս», - ասաց մեկ այլ վանաձորցի:

Արտագաղթը, մարդկանց համոզմամբ, հենց նշված խնդիրների ածանցյալն է: «Ամեն օր տեսնում եմ, թե ինչքան մեքենաներով մարդիկ են գնում Ռուսաստանի Դաշնություն, այլ երկրներ», - փոխանցեց մի երիտասարդ կին:

«Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանի կարծիքով նույնպես, առաջնային խնդիրը մարզում գործազրկությունն է, դրանից բխող արտագաղթը, ապագայի նկատմամբ հավատի կորուստը:

«Իսկ հավատի կորուստը կարող է բերել սարսափելի հետևանքների: Ահագնացող արտագաղթի պայմաններում դա կարող է բերել պետականության կորստի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր մտահոգությունը հնչեցրեց Սահակյանը:
XS
SM
MD
LG