Մատչելիության հղումներ

Բերդիմուհամեդովը համազգային հեծանվավազք է նախաձեռնում


Թուրքմենստանի նախագահը որոշել է. իր երկրում բոլորը պետք է հեծանիվ քշեն
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Սա Թուրքմենստանի նախագահի առաջին լայնածավալ մարզական ակցիան չէ:

Թուրքմենստանում այսուհետ մեծից փոքր պետք է հեծանիվ քշեն: Համենայն դեպս, այդպես է որոշել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ու որպեսզի հավակնոտ այս ծրագիրն իրականություն դառնա, նախագահը որոշել է անձամբ օրինակ ծառայել:

Օրերս, մասնավորապես, տեղական լրատվամիջոցները ցույց տվեցին, թե ինչպես է առավոտ կանուխ նախագահն իջնում ծառայողական մեքենայից ու նստում ազգային դրոշի գույներով ներկված հեծանիվը: Հաջորդ կադրում արդեն Բերդիմուհամեդովի հետևից սլանում են իշխող էլիտայի տասնյակ ներկայացուցիչներ՝ նախարարներ ու պետական այլ պաշտոնյաներ, կրկին՝ հեծանիվների վրա:

«Հեծանվավազքը պետք է դառնա մեր ժողովրդի կենցաղի մի մասը: Նախագահն է որոշել՝ այսուհետ Թուրքմենստանի բոլոր դպրոցները պետք է ծրագրեր մշակեն այս ոլորտը զարգացնելու համար», - հայտարարեց պետական հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ նախագահը հրաման է ստորագրել սեպտեմբերի 1-ից երկրում համազգային հեծանվավազք սկսելու մասին, որը կտևի մեկ ամիս:

Նախագահի որոշման հաջորդ օրն իսկ մայրաքաղաք Աշգաբատի արվարձաններից մեկում հեծանիվներով բազմամարդ ակցիա անցկացվեց: Ինչպես և նախորդ բոլոր կառավարական միջոցառումներում, այս անգամ էլ ակցիային հիմնականում մասնակցում էին պետական չինովնիկներն ու ուսանողները: Դրա դիմաց նրանց անվճար հեծանիվներ են տրամադրվել, յուրաքանչյուրը՝ մոտ 200 դոլար արժողությամբ, ճիշտ այնքան, որքան պետական ծառայողները ստանում են որպես աշխատավարձ ողջ ամսվա աշխատանքի դիմաց:

«Լավ է՝ գոնե այս անգամ չստիպեցին, որ այդ գումարը մենք վճարենք», - «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությանը ասել է պետական ապարատի 52-ամյա մի աշխատակից՝ չցանկանալով ներկայանալ:

Տեղում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները պատմում են, որ նախագահի նախաձեռնած նոր միջոցառման ժամանակ մասնակիցները ստիպված են եղել շարունակել հեծանվավազքը մինչև ուշ երեկո: Թուրքմենական մերձարևադարձային անապատային կլիմայի պայմաններում ոմանք նույնիսկ ուշագնաց են եղել, ինչը, սակայն, նախագահի պլանները ամենևին չի փոխել:

Ընդ որում, նշենք, որ Բերդիմուհամեդովը առաջին անգամ չէ այսօրինակ լայնածավալ մարզական ակցիաներ նախաձեռնում: Շատերն են պարզ հիշում, թե ինչպես էր նա դեռ ամիսներ առաջ լայնորեն գովազդում ձիասպորտը՝ մինչև այն օրը, երբ հերթական արշավներից մեկի ժամանակ վայր ընկավ ձիուց բոլորի աչքի առաջ: Այդ օրվանից, ըստ տեղական լրատվամիջոցների, ձիասպորտը մղվեց երկրորդ պլան, ոլորտը զարգացնելու ծրագրերը մոռացվեցին և հիմա կարծես թե զիջում են իրենց տեղը համազգային հեծանվավազքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG