Մատչելիության հղումներ

Արդեն երեք ամիս ամիս իրենց իրավունքների համար բողոքի ակցիաներ, նստացույցներ ու հացադուլներ կազմակերպող ազատամարտիկների մի մասը սոցիալական պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին, մյուս մասը քաղաքական պահանջներ է ներկայացնում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ իրականում իրենց մեջ որոշակի տարաձայնություններ կան իշխանություններին ներկայացված պահանջների առումով։ Մի մասը, որն այսօր Հայաստանի մարզերում բողոքի ակցիաներ է անցկացնում, սոցիալական հարցեր է բարձրացնում, իսկ մյուս մասը պատրաստվում է Ազատության հրապարակում որոշել, թե ինչպես կարող են փրկել Հայաստանը կործանումից։

«Էլի տղաները հոգով, մտքով մեզ հետ են, բայց հիմա Վարդենիսում են և նույն պայքարը մենք էլ ենք տանում, մենք էլ ենք բարձրաձայնում այդ հարցերը», - նշեց ազատամարտիկը:

Խաչատրյանն ասում է, որ իրենք, ի տարբերություն մյուս ազատամարտիկների, չեն հավատում իշխանություններին, հետևաբար կասկածում են, որ իրենց բարձրացրած խնդիրներին կառավարությունը լուծում կտա։

Անցած ամիսների ընթացքում բողոքող ազատամարտիկները մի քանի անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Պաշտոնյաները խոստացել են լուծում տալ բարձրացված բոլոր հարցերին։ Երեք ամիս առաջ բողոքի ակցիաներ նախաձեռնած ազատամարտիկները պահանջում էին ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին, արտոնություններ ընձեռել իրենց ու իրենց ընտանիքների անդամներին։

«Եթե նավը կործանվում է, խորտակվում է, ի՞նչ փույթ, եթե մեր երկուսին, կամ ինչ-որ մի խմբի փրկարարական օղակներ նետեն: Եթե կործանվում է ամբողջ երկիրը, մենք այստեղ ենք ձայնը բարձրացնում», - ասում էր Խաչատրյանը:

Ազատամարտիկների մյուս մասը, սակայն, համոզված է, որ քանի դեռ իրենց բարձրացրած սոցիալական հարցերին լուծում չեն տրվել, իշխանություններին այլ պահանջներ ներկայացնելը անիմաստ է։

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք նման մարտավարություն են ընտրել, բայց դա պառակտում չի նշանակում․ - «Մենք խնդիր ենք դրել մեր առջև, առաջին հերթին այս հարցը լուծենք: Հետո, երբ կլինեն երկրորդական հարցերը, որը մենք գիտենք: Հիմա առաջին հարցը չլուծած, արդեն անցել են չորրորդական հարցերի, որը մեր գաղափարներին դեմ է, մեր մոտեցմանը դեմ է»:

Այս մարտավարությանը դեմ հանդես եկող ազատամարտիկները, այդ թվում եւ Էդիկ Ներսիսյանը շեշտում է, որ իրենց սոցիալական հարցերի լուծմամբ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները չեն կարող լուծվել։

«Այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանին մեծ վտանգ է սպառնում: Ադրբեջանի հզորանալը, Հայաստանի արտագաղթը, մեր կառավարության գործողությունները համարժեք չեն»,- ասում է ազատամարտիկը։

Քաղաքական պահանջներ ներկայացնող ազատամարտիկները շեշտում են, որ չնայած դժգոհություններին, այս իշխանությունների հրաժարականը չեն պահանջում։ Պարզապես իրենց բողոքի ակցիաներով պետք է պարտադրեն իշխանություններին կյանքի կոչել օրենքները, աշխատել ոչ թե սեփական գրպանի, այլ պետության համար։

Նրանք նշում են, որ մինչև հիմա կառավարությունը չի աշխատել հանրության կողմից ճնշումներ չլինելու պատճառով։ Հույս ունեն, որ իրենց նախաձեռնած այս շարժումը կհամախմբի ողջ հանրությանը։
XS
SM
MD
LG