Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին 2008-ին «լուրջ զիջումներ էր առաջարկել Մոսկվային»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հինգ տարվա վաղեմության բացահայտումներ է արել՝ խոսելով դեռ պատերազմից առաջ ռուս-վրացական հարաբերությունների աճող լարվածության, պատերազմի ու այն կանխելու իր գործադրած ջանքերի մասին:

Նա ասել է, որ իր ջանքերը արդյունք չեն տվել, քանի որ Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում էին պատերազմի՝ նպատակ ունենալով ոչնչացնել Վրաստանը: Ըստ Սաակաշվիլիի՝ պատերազմը հնարավոր էր կանխել միայն մի պայմանով՝ եթե Վրաստանը դառնար չկայացած պետություն և համաձայներ Ռուսաստանի պահանջներին, որ սկսվել էին դեռևս 2003-ի վերջերից:

Նա հայտնել է, որ պատերազմը կանխելու համար 2008-ի սկզբին նշանակալից զիջումների առաջարկ է արել Մոսկվային, պատրաստ էր զոհաբերել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ինտեգրվելու ձգտումները, դանդաղեցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, փոխարենը պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, կարգավորել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները:

Սաակաշվիլին բացահայտումներ է արել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2008-ի սկզբին անցկացված գագաթաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած առանձին հանդիպումներից, երբ նա ներկայացրել է զիջումների գնալու իր պատրաստակամությունը:

«Պուտինը նույնիսկ մի պահ էլ չմտածեց, նա ժպտալով ասաց՝ «մենք չենք փոխանակում ձեր տարածքները ձեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ»»,- պատմել է Վրաստանի նախագահը։

Մեջբերելով Պուտինի խոսքերը՝ Սաակաշվիլին «Ռուսթավի-2»-ի հետ հարցազրույցում հավելել է՝ դա նշանակում էր, որ այսպես թե այնպես մենք կմասնատենք ձեր երկիրը, և սա դեռ պատերազմից առաջ էր:

Նա նաև հայտնել է, որ մինչև պատերազմը՝ 2008-ի ամռանը, առաջարկել էր զիջումների գնալ Աբխազիայի հարցում: Ըստ իր առաջարկած պլանի՝ Գալիի և Օչամչիրայի հարավային շրջանները կանցնեին Թբիլիսիի վերահսկողությանը, իսկ Օչամչիրայի հյուսիսային շրջանները, ներառյալ Սուխումին՝ Ռուսաստանի դեֆակտո վերահսկողությանը: Հարցազրույցում Սաակաշվիլին պնդել է, որ պատերազմը կանխելու համար ինքը պատրաստ էր բոլոր հնարավոր զիջումներին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը չէր հավատում, որ ռուսները պատերազմ կսկսեն, իսկ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն, ով 2008-ի ամռանը ժամանել Վրաստան, արևմտյան առաջին պաշտոնյան էր, ով միանշանակ ասել է, որ պատերազմ կլինի:

«Եվ դա տեղի ունեցավ»,- ասել է Սաակաշվիլին՝ եզրափակելով, որ իր դատավորը կլինի պատմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG