Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան․ Հայաստանը դատապարտված է դիմակայելու


Ռուս-վրացական հինգօրյա պատերազմը ցույց տվեց, որ կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում շատ փխրուն են, ասում է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ հետևանքներ ունեցավ օգոստոսյան այս պատերազմը տարածաշրջանի համար:

«Որովհետև այդ պատերազմը գալիս է ապացուցելու այն տեսակետը, որ չկան հավերժ բարեկամներ կամ հավերժ թշնամիներ, և որ պետություններն առաջնորդվում են ազգային շահերով», - նշեց Արզումանյանը:

2008 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները իր հետ զրույցում հաստատել են, որ ավելի լավ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անվերջ խաղաղ բանակցություններ վարել, քան պատերազմել թեկուզ հինգ օրով:

Արզումանյանը, սակայն, ասում է՝ չէր ցանկանա զուգահեռներ անցկացնել․ «Ռուս-վրացական պատերազմը լավագույն օրինակն է, թե ինչպես չի կարելի վարվել հարյուրամյա նույնիսկ բարեկամ համարվող երկրների հետ: Դրա համար մենք այսօր լուրջ բանակցություններ ենք տանում Եվրամիության մեր պարտնյորների հետ, և պետք է ամեն կերպ աշխատենք, որ ինչպես եղել է՝ Ռուսաստանի հետ պահպանելով մեր ստրատեգիական գործընկերությունը, այնուամենայնիվ քաղաքակրթական տեսանկյունից մենք Եվրոպայի մաս ենք կազմում և այս գործընթացը նույնպես առաջ տանենք»:

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչքան խոցելի է Հայաստանի տնտեսությունը, քանի որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը իր բեռնափոխադրության զգալի մասը իրականացնում է Վրաստանի տարածքով: Կկարողանա՞ արդյոք Հայաստանը դիմագրավել ևս մեկ նման տնտեսական հարվածի: Արզումանյանն ասում է՝ Հայաստանը դատապարտված է դիմակայելու: Միակ բանը որ մնում է հուսալ, այն է, որ մեր երկու կարևոր հարևանների՝ Իրանի և Վրաստանի սահմանները վտանգված չլինեն:

Մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը մնում է ու կա Ռուսաստանը, և Եվրասիական ինտեգրումը այս պահին շատ ավելի կարևոր է մեզ համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հայրենական ապրանքներ արահանողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ինչ վերաբերում է Իրանին և Վրաստանին, Սաֆարյանը մեկնաբանում է․ - «Հայաստանի տնտեսության մեջ քիչ են ներդրումներ: Ցանկացած նման լարված վիճակը պոտենցիալ հնարավոր դոնորներին լրացուցիչ զգուշավորություն է բերում, դրա համար մենք այնպիսի վիճակում ենք, որ պիտի ձգտենք մեր ակտիվ արտաքին քաղաքական գործունեությամբ կանխարգելել մեր հարևան երկրներում հնարավոր ոչ բարենպաստ զարգացումները»:
XS
SM
MD
LG