Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական պատերազմի դասերը


Վրաստան, օգոստոս, 2008թ․ - Ռուսական զորքերը Գորի քաղաքի մատույցներում
Վրաստան, օգոստոս, 2008թ․ - Ռուսական զորքերը Գորի քաղաքի մատույցներում
Ռուս - վրացական հնգօրյա պատերազմը ցույց տվեց, որ կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում շատ փխրուն է: Այդ մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ հետևանքներ ունեցավ 2008 թվականի օգոստոսյան այս պատերազմը տարածաշրջանի համար:

«Սա լուրջ սնունդ է մտորելու համար, քանի որ գալիս է ապացուցելու այն ճշմարտությունը, որ չկան հավերժ բարեկամներ կամ հավերժ թշնամիներ, այլ պետությունները առաջնորդվում են իրենց ազգային շահերով», - ընդգծեց Արզումանյանը:

Վրաստանը իր աշխարհաքաղաքական ընտրության համար շատ թանկ վճարեց, նույնը կարելի է ասել Ռուսաստանի համար, որը բավական լուրջ ֆինանսական կորուստներ կրեց, ասաց Հայաստանի նախկին արտգործնախարարը՝ շարունակելով, որ ավելին՝ Ռուսաստանի համար Առևտրի միջազգային կազմակերպության բանակցությունները երեք տարով կասեցվեցին, և երկիրը չէր կարողանում անդամակցել այս կառույցին հենց այդ պատերազմի պատճառով:

Իսկ ի՞նչ դասեր քաղեց Հայաստանը այս պատերազմից: Հիշեցնենք՝ 2008 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու տարի առաջ մի հարցազրույցում ասել էր, թե պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները իր հետ զրույցում հաստատել են, որ ավելի լավ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անվերջ խաղաղ բանակցություններ վարել, քան պատերազմել թեկուզ հինգ օրով: Կարելի՞ է ենթադրել, որ այս պատերազմից հետո ակտիվացվեց ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Արզումանյանը չի կարծում, որ պատերազմը ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացման պատճառ դարձավ, ավելի՝ չէր ցանկանա զուգահեռներ անցկացնել:

«Ռուս - վրացական պատերազմը լավագույն օրինակն է, թե ինչպես չի կարելի վարվել հարյուրամյա նույնիսկ բարեկամ համարվող երկրների հետ: Դրա համար մենք այսօր լուրջ բանակցություններ ենք տանում Եվրամիության մեր պարտնյորների հետ և պետք է ամեն կերպ աշխատենք, որ ինչպես եղել է՝ Ռուսաստանի հետ պահպանելով մեր ստրատեգիական գործընկերությունը՝ այնուամենայնիվ, քաղաքակրթական տեսանկյունից մենք մեզ Եվրոպայի մաս ենք ընկալում, և այս գործընթացը նույնպես առաջ տանենք», - նշեց նախկին արտգործնախարարը:

Ռուս - վրացական ընդամենը հնգօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչքան խոցելի է Հայաստանի տնտեսությունը, քանի որ զգալիորեն շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ներկրվող բեռների զգալի մասը ձեռք է բերում Վրաստանի տարածքով: Ի դեպ, որոշ գնահատականներով՝ այդ պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսական վնասի չափը գերազանցում էր 500 միլիոն դոլարը: Կկարողանա՞ արդյոք Հայաստանը դիմագրավել ևս մեկ նման տնտեսական հարվածի: Արզումանյանը ասում է՝ Հայաստանը դատապարտված է դիմակայելու:

«Անշուշտ, Հայաստանը շատ խոցելի վիճակում է, որովհետև մեր չորս հարևաններից միայն Վրաստանն է, որ ընդունելի գործընկեր է նաև մեր մյուս պարտյորների համար, մեր մյուս շատ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարցերը շատ նուրբ երանգներ ունեն: Այնպես որ, մենք իրոք շատ շահագրգռված ենք, որ մեր երկու կարևոր հարևանների ներսում կամ սահմաններին որևէ վտանգ չլինի, և մենք կարողանանք շարունակել մեր առևտրատնտեսական և բարեկամական կապերը», - ընդգծեց Հայաստանի արտաքին քացաքական գերատեսչության նախկին ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG