Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 8-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը մեկնաբանում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից հրաժարվելու որոշումը․ - «Շատերի գնահատմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը մոտեցել են նոր սառը պատերազմի ժամանակահատվածի: Կթևակոխեն այնտեղ, թե ոչ` ցույց կտա ժամանակը, սակայն լարվածությունն արդեն իսկ բավականաչափ է, որոշակի հետևանքներ ունենալու համար: Իսկ այս դեպքում հետևանքների առաջնային ռեզոնանսի տարածք է դառնում կովկասյան տարածաշրջանը, որը մեկն է այն ռեգիոններից, որոնցում ինչ-որ կերպ դրսևորվում են ռուս-ամերիկյան լարվածության ալիքները: Իսկ նկատի ունենալով այստեղ ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու նաև Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածը արտաքին քաղաքական հարաբերությունները հավասարակշռելու քաղաքականության տեսանկյունից՝ աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացների ֆոնին, որ ծավալվում են հարակից արաբական գոտիներում, կարող ենք ասել, որ ռուս-ամերիկյան լարվածությունը Հայաստանին այնքան էլ հաճելի պահեր չի խոստանում: Այսինքն` խոստանում է իրավիճակներ, երբ Հայաստանի շահերը պահանջում են համարձակ որոշումներ և դիրքորոշումների արտահայտում և Վաշինգտոնին, և Մոսկվային: Սակայն Հայաստանի իշխանությունները այսօր չունեն այն հիմքերը, որոնք մեզ՝ հասարակությանը, հիմք կտան մտածելու նման դիրքորոշումների արտահայտման իրատեսականության մասին: Եվ ուրեմն` Հայաստանի համար ավելի նախընտրելի է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները թեկուզ սառը, սակայն ոչ ագրեսիվ ու լարված ընթացքով առաջ գնան, քանի որ ագրեսիային ու լարվածությանը ԱՄՆ-ը և Ռուսաստանը կդիմանան, Հայաստանը կարող է չդիմանալ, եթե հանկարծ ալիքը հասնի այստեղ»:

«Առավոտ» թերթի մեկնաբանի համոզմամբ՝ Կրելմը «ղարաբաղյան խաղաքարտը» օգտագործում է Հայաստանի արտաքին քաղաքական ձգտումների նկատմամբ ճնշում գործադրելու համար: «Ինչպես երևում է, ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեմ Հայաստանում հակափաստարկներ ներկայացնելու հարցում չգտնելով որևէ ծանրակշիռ պատճառաբանություն, երկար մտորելուց հետո Կրեմլը, վերջապես, գտել է Հայաստանի քաղաքացիների համար ամենացավոտ թեման: Ամենօրյա ռեժիմով ռուսաստանյան գործակալություններում երկարաշունչ հոդվածներով հանդես են գալիս ռուսական կողմնորոշումը ներկայացնող փորձագետներ: Նրանք բոլորը միահամուռ ուժերով լծվել են Լեռնային Ղարաբաղը ԵՄ-ից փրկելու սուրբ գործին», - գրում է թերթն ու եզրակացնում․ - «Փաստացի Ղարաբաղյան խաղաքարտը այսօր դարձել է Կրեմլի միակ «զենքը», որպեսզի «ամրացնեն» Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու պատճառները: Ի դեպ, զենքի մասին․․․ Երեկ ադրբեջանական գործակալությունները հայտնեցին ուշագրավ մի տեղեկություն: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը լուրջ առաջընթացներ է գրանցում: Բանը հասել է արդեն հրթիռներին․․․ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երեկ ընդունել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովի գլխավորած ռուսական պատվիրակությանը: Պաշտոնական հաղորդագրությունը տարածում էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մամլո ծառայությանը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող այլ հարցեր: Այսքանից հետո Ղարաբաղը ԵՄ-ից փրկողներին արժե հարց ուղղել՝ արդյոք այսօր չի՞ հասունացել մեկ այլ հրամայական՝ փրկել Լեռնային Ղարաբաղը ռուս-ադրբեջանական ռազմական դաշինքից, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցի հարաբերությունների նպատակահարմարության հարցը բարձրացնել»։

«Ժողովուրդ» թերթը զրուցել է Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանի հետ: Լրագրողը հարցնում է․ - «Այժմ քաղաքական դաշտում ՕԵԿ-ը, կարելի է ասել, գոյություն չունի, կուսակցության ղեկավար կազմն արձակուրդում է, իսկ իշխանության մաս համարվող այդ ուժն օր-օրի ահագնացող խնդիրների լուծման ուղղությամբ «մատը մատին» չի տալիս: Ի վերջո, ինչո՞ւ է ՕԵԿ-ն անգործության մատնվել, ինչո՞ւ որևէ քայլ չեք ձեռնարկում»: Արմեն Երիցյանի պատասխանը․ - «Ոչ թե ՕԵԿ-ը գոյություն չունի, այլ ուղղակի արձակուրդում է, ես այստեղ եմ ու որպես ՕԵԿ նախագահի տեղակալ, որպես նախարար՝ ամեն ինչ անում եմ արտագաղթի կանխարգելման համար: Արտագաղթն առաջանում է աշխատանքի բացակայության պատճառով, հիմա ես՝ որպես նախարար, ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի եմ ընդունում: Անգամ հաշմանդամություն ունեցող մարդիկ ԱՄՆ-ում, տեղեկանալով, որ ԱԻՆ-ում աշխատանքի են ընդունում, այնտեղից եկել են այստեղ ու աշխատանքի ընդունվել: Այսինքն՝ այնպես պետք է անենք, որ մարդիկ տեսնեն՝ աշխատանք կա: Մենք վայրենի ազգ չենք, որ մեր ընտանիքները թողնենք ու գնանք»:

«Հրապարակ»-ի խմբագրականն անդրադառնում է Հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակին՝ գրելով․ - «Տարեցտարի ու հետևողականորեն իշխանությունը մեզանում ոչնչացրեց ընտրություն, մրցույթ, մրցակցություն հասկացությունները: Դեմոկրատական հենք ունեցող այդ եզրույթները մնացին որպես դասագրքային ճշմարտություններ, որոնք թղթի վրա կան, իրական կյանքում՝ ոչ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG