Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների վերաբերմունքը Վրաստանի հանդեպ «ամենադրականն է 2002-ից ի վեր»


Ռուսաստան - Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, արխիվ

Ռուսաստան - Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, արխիվ

Ռուս - վրացական պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին հասարակական կարծիքի ուսումնասիրման «Լևադա» կենտրոնը հարցում է անցկացրել 1601 հոգու շրջանում՝ պարզելու համար ռուսաստանցիների վերաբերմունքը Վրաստանի, ինչպես նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակների վերաբերյալ:

«Լևադա»-ն ներկայացրել է նաև նախորդ տարիներին նույն թեմայի շուրջ իր անցկացրած հարցումների արդյունքները` սկսած 2002 թվականից. պարզվում է, որ այս տարի ռուսաստանցիների վերաբերմունքը Վրաստանի հանդեպ ամենադրականն է 2002 թվականից ի վեր: Միայն 2004-ին են ռուսաստանցիները գրեթե նույնքան լավ վերաբերվել Վրաստանին: Բացասական վերաբերմունքի կտրուկ աճ ռուսաստանցիների մոտ նկատվել է ռուս - վրացական պատերազմից հետո` 2008-2010 թվականներին:

Հարցումը նաև ցույց է տալիս, որ ռուսաստանցիների շրջանում գերիշխում է կարծիքը, թե Հարավային Օսիան և Աբխազիան պետք է անկախ պետություններ լինեն, մինչդեռ 2006 թվականին հարցվածները ասել են, թե կցանկանային Հարավային Օսիան և Աբխազիան տեսնել Ռուսաստանի կազմում:

«Ինչպե՞ս եք այժմ վերաբերվում Վրաստանին» հարցին այս տարի հարցվածների 4 տոկոսն են պատասխանել, թե շատ լավ են վերաբերվում: Հարկ է նշել, որ նույնանման արդյունք է գրանցվել նաև հարցումների ամենասկզբում` 2002 թվականին, մինչդեռ 2008-2009 թվականներին միայն մեկ տոկոսն է նման կարծիք հայտնել:

Վրաստանին շատ վատ վերաբերվողների թիվը այս տարի նվազել է` հասնելով 2002-ից ի վեր ամենացածր արդյունքին․ միայն 8 տոկոսն է ասել, որ շատ վատ է վերաբերվում Վրաստանին, այն դեպքում, երբ 2002-ին, օրինակ, շատ վատ վերաբերմունք ունեցողների թիվը կրկնակի ավելին էր` 16 տոկոս: Բացասական վերաբերմունքի գագաթնակետը գրանցվել է 2008-ին, երբ հարցված ռուսաստանցիների 34 տոկոսն է խիստ բացասական վերաբերմունք արտահայտել Վրաստանի վերաբերյալ:

«Հիմնականում լավ ենք վերաբերվում Վրաստանին», - այս տարի հարվածների 44 տոկոսն է այս պատասխանը տվել, սա ևս 2002 թվականից ի վեր ամենաբարձր արդյունքն է, միայն 2004 թվականին են Վրաստանին նույնքան լավ վերաբերվել հարցվածները, իսկ 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանին «հիմնականում լավ» վերաբերվողների թիվը կազմել է միայն 15 տոկոս:

«Հիմնականում վատ ենք վերաբերվում Վրաստանին» պատասխանը այս տարվի տվել է հարցվածների 32 տոկոսը, ինչը գրեթե ամենացածր արդյունքն է 2002 թվականից ի վեր: Վատ վերաբերմունքի գագաթնակետը եղել է 2009 թվականին, երբ ռուսաստանցիների 44 տոկոսն են ասել, որ ընդհանուր առմամբ վատ են վերաբերվում Վրաստանին: Ռուս - վրացական պատերազմի տարում՝ 2008 թվականի սեպտեմբերին արված հարցման արդյունքում 40 տոկոսն է ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք արտահայտել Վրաստանի նկատմամբ:

Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակին վերաբերող հարցերին ռուսաստանցիների 42-43 տոկոսը պատասխանել են, թե դրանք պետք է անկախ պետություններ լինեն:

Մոտ 30 տոկոսը կարծում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան պետք է լինեն Ռուսաստանի կազմում, իսկ հարցվածների 7-9 տոկոսը դրանց ապագան տեսնում է Վրաստանի կազմում:

Մինչդեռ 2006 թվականին հարցման արդյունքները ճիշտ հակառակն են ցույց տվել, հարցվածների միայն 25 տոկոսն են կարծիք հայտնել, որ Հարավային Օսիան և Աբխազիան պետք է անկախ լինեն, իսկ մոտ 40 տոկոսը հայտարարել են, որ դրանք պետք է Ռուսաստանի կազմում լինեն: Ուշագրավ է, որ կարծիքը, թե Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի կազմում պետք է լինեն, ավելի տարածված էր 2006 թվականին՝ մոտ 15 տոկոսը այդպես էր կարծում, հետագայում նման տեսակետ արտահայտողների թիվը պակասում է` նվազագույնի հասնելով 2010 թվականին:

Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելը օգո՞ւտ, թե՞ վնաս է բերել Ռուսաստանին՝ այս հարցի պատասխանների դինամիկան 2008 թվականից մինչ օրս շատ ուշագրավ է․ եթե 2008 թվականին հարցվածների 40 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելը օգուտ է տվել Ռուսաստանին, ապա այս տարի միայն հարցվածների 20 տոկոսն է նման կարծիք հայտնել, փոխարենը՝ 2008-ից գրեթե կիսով չափ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ ոչ օգուտ, ոչ էլ վնաս է տվել Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը: Փոքր-ինչ նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ անկախության ճանաչումը Ռուսաստանին վնաս է տվել․ եթե 2008-ին 15 տոկոսն էր այդպես կարծում, ապա այս տարի՝ միայն 11 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG