Մատչելիության հղումներ

Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առջև` կամ եվրոպական ինտեգրացիա, կամ էլ Եվրասիական միություն: ”Вести Кавказа” կայքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել 2009-2013 թվականներին որպես Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնավարած Վյաչեսլավ Կովալենկոն:

Խոսելով այն փաստաթղթի մասին, որ նոյեմբերին Վիլնյուսում պետք է նախաստորագրեն Հայաստանն ու Եվրամիությունը, ռուսաստանցի դիվանագետը նկատում է․ - «Որքան ես եմ տեղյակ, այս փաստաթուղթը Հայաստանի և Եվրամիության անդամ պետությունների միջև ազատ վիզային գոտու ստեղծում չի նախատեսում: Նշեմ սակայն, որ համաձայնագիրը կարող է առաջադիմական քայլ դառնալ հայաստանյան տնտեսության զարգացման ուղղությամբ` սերտացնելով Հայաստանի և Եվրամիության առևտրատնտեսական կապերը: Դրա հետ մեկտեղ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն, այս համաձայնագրում դրույթներ կան, որոնք պարտավորեցնում են Հայաստանին Եվրամիության հետ համակարգել արտաքին քաղաքականությանն ու սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերը»:

Կովալենկոյի խոսքով՝ Հայաստանին առաջարկվել է նաև մասնակցել Եվրասիական մաքսային միությանը, ինչպես նաև հեռանկարում համագործակցություն ծավալել Եվրասիական միության շրջանակներում: Դա, սակայն, ըստ դիվանագետի, շատ բացասաբար է ընկալվել Բրյուսելում: «Եվրամիությունը Երևանին ասում է` դուք կարող եք մասնակցել միայն մեկ ինտեգրացիոն գործընթացի», - ասում է նախկին դեսպանը:

Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով, այսօր Մոսկվայում փորձում են հասկանալ` ի վերջո ի՞նչ քաղաքականություն են որդեգրելու հայաստանյան իշխանությունները:

«Շատ կարևոր է հասկանալ` ինչպես են հետագայում զարգանալու Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Եվրասիական միության մյուս պետությունների հետ: Պատրա՞ստ է արդյոք Հյաստանը շարունակել զարգացնել այդ հարաբերությունները, թե՞ այդ երկրի սահուն ընթացքը դեպի Արևմուտք շարունակվելու է», - նշում է ռուսաստանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG