Մատչելիության հղումներ

«Փարկինգ Սիթի Սերվիս»ը պնդում է, որ հանրային ծառայություններ չի մատուցում


Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարկինգ Սիթի սերվիս» ընկերությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել է, որ ընկերությունը հանրային ծառայություններ չի մատուցում։

Մոտ 10 օր առաջ հասարակական կազմակերպության իրավաբանը գրավոր հարցում էր ուղարկել «Փարկինգ Սիթի սերվիս»-ին, որտեղ խնդրել էր տրամադրել Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի պատճենը։ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը պատասխան նամակում նշել էր, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընկերության վրա չի տարածվում, քանի որ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը հանրային ծառայություններ չի մատուցում և մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի շուկայում, ուստի և պարտավոր չէ որևէ ինֆորմացիա տրամադրել։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում գրված է, որ եթե ընկերությունը մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունի, կամ էլ ծառայություններ է մատուցում հանրությանը, ուրեմն պարտավոր է ինֆորմացիա տրամադրել, մինչդեռ ընկերությունը փաստացի ծառայություններ է մատուցում, իսկ նամակում գրում է, որ չի մատուցում։

«Սա, մեր կարծիքով, լրիվ անօրինական պատասխան է, որովհետև եթե ընկերությունը գտնում է, որ ծառայություն չի մատուցում հանրությանը, հետևաբար ինչի՞ դիմաց է նա վճարներ գանձում հանրությունից։ Ինչ վերաբերում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունենալ-չունենալուն, մեր կարծիքով՝ հավանական է, որ այն չունի, որովհետև տեղի է ունեցել այսպես կոչված տենդեր և նրանք շահել են»,- ասաց կազմակերպության նապագահը։

Դոյդոյանը ասաց, որ քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկներ տեղադրելու թույլտվություններն են ցանկացել տեսնել, քանի որ այդ տեսախցիկները տեղադրված են հանրային վայրերում, իսկ սա իր մեջ մարդկանց անձնական կյանք ներխուժելու հնարավորություն է պարունակում, ուստի ուզում էին հասկանալ՝ օրինական է արդյոք տեսախցիկների տեղադրումը, թե՝ ոչ։ Մինչդեռ, Դոյդոյանի կարծիքով, իրենց հարցմանը չպատասխանելով «Փարկինգ Սիթի սերվիս»-ը խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ուստի համապատասխան հայցով դիմելու են դատարան։

«Արդեն պատասխանող կողմի խնդիրն է ապացուցելու, որ իրենք ծառայություն չեն մատուցում և չունեն գերիշխող դիրք։ Մենք գտնում ենք, որ իրենք ծառայություն են մատուցում և ունեն գերիշխող դիրք»,- ասաց Դոյդոյանը։

Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող միակ ընկերությունը հանրային ծառայություններ չի մատուցում։ Հարցը ուղղեցինք «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանին։ Նա ասաց, որ իրենց ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ և ծառայություններ է մատուցում միայն քաղաքապետարանին, հետևաբար այս պարագայում հանրային ծառայությունը մատուցում է քաղաքապետարանը։

Հարությունյանը ասաց, որ իրենք գումարների հավաքագրմամբ չեն զբաղվում, դա քաղաքապետարանի գործառույթն է, իսկ իրենք ամեն ամիս մատուցված ծառայությունների համար պարգևավճար են ստանում։ Դա կազմում է ընդհանուր գումարի 70 տոկոսը, որից էլ կատարելու են հարկային և մի շարք այլ վճարումներ։

Ի դեպ, նույն հարցումը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ուղարկել էր նաև քաղաքապետարան, որի տրանսպորտի վարչության պետը պատասխանել էր, որ հարցը անհրաժեշտ է ուղղել «Փարկինգ Սիթի սերվիս» ընկերությանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը ասաց, որ դատական գործընթացից հետո, մի քանի այլ հարցեր էլ են պատրաստվում ուղարկել «Փարկինգ Սիթի սերվիս» ընկերությանը։

Իհարկե, հանրությանը հետաքրքրում է նաև, թե վերջապես ում է պատկանում այս ընկերությանը, բայց Դոյդոյանի կարծիքով՝ ինչպես որ միշտ է լինում, այս դեպքում էլ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ կլինի։

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես ընկերության հիմնադիր նշված է Տիգրան Հարությունյանի անունը, ով ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նախագահ Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ Միխաիլ Հարությունյանի որդին է
է, ում էլ պատկանում է ամրալարի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Միկմետալ» ընկերությունը։ «Փարկինգ սիթի սերվիս»-ը կապվում է նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը ասաց, որ Միհրան Պողոսյանի հետ իրենց ընկերությունը ոչ մի կապ չունի, այն իսկապես պատկանում է Տիգրան Հարությունյանին, իսկ նրա ընտանիքին պատկանող այլ բիզնեսների մասին ինքը տեղյակ չէ։
XS
SM
MD
LG