Մատչելիության հղումներ

logo-print

«Բարև Երևան»-ը դատարանում վիճարկում է քաղաքապետի որոշումները


Ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստները քաղաքապետարանի շենքի մոտ, 26-ը հուլիսի, 2013թ․

Ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստները քաղաքապետարանի շենքի մոտ, 26-ը հուլիսի, 2013թ․

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն այսօր դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների օրինականությունը:

Ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե սակագնի բարձրացմանն առնչվող որոշումներն ընդունելիս քաղաքապետն «անթիվ-անհամար» սխալներ է թույլ տվել․ - «Դրանք ոչ միայն գործող օրենքների, այլ նաև դրանց կիրառության ու մեկնաբանության հետ [են] կապված: Կարծում եմ, Վարչական դատարանի համար այնքան էլ հեշտ չի լինի շրջանցել այդքան ակնառու խախտումները: Ի սկզբանե քաղաքապետի կողմից ստորագրված երկու որոշումներն էլ ոչ իրավաչափ էին եղել»:

«Այն նորմերը, որոնցով ղեկավարվել է քաղաքապետը ուղեվարձը թանկացնելիս, նրան լիազորություն էին տալիս վերանայել միայն կոնկրետ երթուղիների փոխադրավարձը», - հայցադիմումում նշել է «Բարև Երևան» դաշինքը:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն մեկնաբանեց․ - «Վիճարկվող որոշումներում նշված է 48 երթուղի սպասարկող կազմակերպությունների մասին, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում նշված է, որ Երևանում փաստացի առկա է 42 ավտոբուսային երթուղի և 95 միկրոավտոբուսային երթուղի: Այսինքն՝ քաղաքապետն իր որոշումը տարածել է նաև այն երթուղիների վրա, որոնք սպասարկող կազմակերպությունները նման առաջարկությամբ հանդես չեն եկել»:

Բացի այդ, Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ քաղաքապետի որոշումը պատշաճ կարգով չի հրապարակվել, ուստի դեռ ուժի մեջ չմտած՝ երևանցիներից սկսել են ավել ուղեվարձ՝ 100-ի փոխարեն 150 դրամ գանձել:

«Այն որոշումները, որոնք ստորագրում է Տարոն Մարգարյանը, պետք է ուժի մեջ մտնեին ոչ թե ստորագրման պահին, այլ դրա հրապարակումից հետո 10-րդ օրը, եթե հիշողությունս չի դավաճանում: Միայն այս փաստը ցույց է տալիս, որ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ իրականացվել անօրինական դրամահավաքություն միկրոավտոբուսների և ավտոբուսների կողմից», - պարզաբանում է Սաֆարյանը:

Նույն հայցով «Բարև Երևանը» պահանջում է քաղաքապետի՝ տրոլեյբուսի սակագնի բարձրացում ենթադրող որոշումը առոչինչ ճանաչել:
«Տրոլեյբուսների սակագների բարձրացման հետ կապված քաղաքապետը որևէ լիազորություն չունի: Գործող օրենսդրությունը նրան թույլ չի տալիս որևէ կերպ բարձրացնել դրանց սակագները», - պարզաբանում է Ստյոպա Սաֆարյանը:

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը մեծ ակնկալիք չունի Վարչական դատարանից, սակայն, ինչպես ասաց Անահիտ Բախշյանը՝ կա այլ ատյան․ - «Կա Սահմանադրական դատարան: Ինձ թվում է՝ եթե Սահմանադրական դատարան հասնի գործը, ապա այստեղ կան նաև Սահմանադրության խախտման մասին փաստեր: Դա նաև լուրջ հիմք է, որպեսզի ի վերջո դառնա երկիրը իրավական»:
XS
SM
MD
LG