Մատչելիության հղումներ

Կարեն Նազարյան․ «Հայաստանը կարեւորում է համանախագահների ջանքերը»


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվ

Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում: Այդ մասին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը՝ երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած «ՄԱԿ-ի և տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկման ժամանակ:

Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, և նշել, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջև 1994 թվականին ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:

Տեղեկացնելով, որ Հայաստանը մայիսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանը իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր, որոնք առաջնային են համարվում նաև ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի անդամ պետությունների համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել խրախուսել և սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջև կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության և անվտանգության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG