Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսի վերջին տասնամյակների պատմությունը՝ հայազգի լուսանկարչի հայացքով


Եգիպտոս - Նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների հանրահավաքը Կահիրեի Թահրիր հրապարակում, 26-ը հուլիսի, 2013թ․

Եգիպտոս - Նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների հանրահավաքը Կահիրեի Թահրիր հրապարակում, 26-ը հուլիսի, 2013թ․

Եգիպտական բանակի մեծ ազդեցությունը և միաժամանակ վտանգավորությունը բնորոշելու համար Reuters-ը օգտագործում է Նուբար Քերոբյանի խոսքերը:

Reuters-ը իր թողարկումներից մեկում Եգիպտոսի վերջին տասնամյակների ասես կրկնվող պատմությունը ներկայացնում է նաև լուսանկարիչ Նուբար Քերոբյանի հայացքով:

Քերոբյանի հայրը այն հազարավոր մարդկանց թվում էր, որոնք հայերի ցեղասպանության ժամանակ փախել էին օսմանյան Թուրքիայից և հաստատվել Եգիպտոսում: Նա «Շեֆարդ» բարձրակարգ հյուրանոցում 80 տարի առաջ լուսանկարչական սալոն էր բացել, որտեղ հիմա աշխատում է Նուբար Քերոբյանը: Թվային տեխնոլոգիաները սպանել են նրա գործը, հորից մնացած գերմանական մեծ ապարատը փոշով ծածկված է, վերջին 5-6 տարիների նա պատվերներ չի ստանում, ապրում է վաճառելով հին լուսանկարները: Ստուդիայում բազմաթիվ արկղերի մեջ պահվող նեգատիվները Եգիպտոսի անցած դարի ամենանշանակալից իրադարձությունների ու նշանավոր մարդկանց վկայություններն են:

Եգիպտոսն այն ժամանակ գտնվում էր բրիտանական զինվորականների իշխանության ներքո՝ չնայած սահմանադրորեն միապետություն էր, թագավորը Ֆարուքն էր, ում Քերոբյանը բնորոշում է որպես «փլեյբոյ ու կնամոլ»:

Այժմ 76-ամյա Նուբար Քերոբյանը պատանի էր, երբ 1952 թվականին եգիպտական բանակը գահընկեց արեց թագավոր Ֆարուքին, ով հետո մահացավ Իտալիայում:

Հեղաշրջումն իրականացարած «Ազատ սպաներ» կոչվող խմբի անդամներից մեկը Ջեմալ Աբդել Նասըրն էր, ով անցավ իշխանության գլուխ ու մինչև իր մահը՝ 1970 թվականը ղեկավարեց երկիրը:

Նրանից հետո էլ իշխանության ղեկավարը զինվորականների ներկայացուցիչ էր՝ Հոսնի Մուբարաքը, ով 2011-ին հրաժարական տվեց ժողովրդի հզոր, չդադարող ճնշման ներքո: Առաջին անգամ Եգիպտոսում ընտրություններ անցկացվեցին, բայց մեկ տարի անց՝ այս տարվա հուլիսին բանակը պաշտոնանկ արեց ընտրված նախագահ Մուրսիին:

1952-ի հեղաշրջումից հետո «Ազատ սպաներ»-ը թագավոր Ֆարուքին գրավոր վերջնագիր փոխանցեց՝ նշելով, որ բանակը ներկայացնում է ժողովրդի իշխանությունը, և պահանջեց, որ նա հեռանա երկրից:

«Նասըրը թույլատրեց, որ թագավորը վերցնի իր ամբողջ հարստությունը, ասում էին, որ թագավորը Ալեքսանդրիայից հեռացավ ոսկեղենի բազմաթիվ արկղերով», - պատմում է Քերոբյանը:

1952 թվականի հեղաշրջումը Քերոբյանը հիշում է ինչպես երեկվա օրը, թերթելով ու ցուցադրելով Կահիրեի դատարկված, ամայի փողոցները պատկերող սև-սպիտակ լուսանկարներով ալբոմը:

«Նրանք ասում էին՝ «սա անարյուն հեղափոխություն է», - առանց դույզն իսկ հեգնանքի ասում է նա Reuters-ին:

«Երբ հեղափոխությունը ավարտվեց, ապստամբների առաջնորդ գեներալ Մահմեդ Նաջբիբը Ջեմալ Նասըրին առաջարկեց վերադառնալ զորանոցները, ժողովրդին հնարավորություն տալ ընթանալ դեմոկրատական ճանապարհով, բայց Նասըրը մերժեց առաջարկը՝ ասելով, թե եգիպտացիները դեռ պատրաստ չեն ժողովրդավարության», - պատմել է հայազգի լուսանկարիչը:

Reuters-ը անմիջապես մեջբերում է այսօրվա Եգիպտոսի՝ բանակի կողմից հաստատված ժամանակավոր կառավարության փոխնախագահ Էլ-Բարադեյի խոսքերը․ անցած շաբաթ Washington Post-ին նա ասել է, թե եգիպտացիները չգիտեն, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը, և որ դրա համար ժամանակ է պետք:

Ընտրված նախագահին բանակի կողմից պաշտոնանկ անելու մասին Էլ-Բարադեյն ասել է, թե 20 միլիոն մարդ պահանջում էր, որ Մուրսին հեռանա, և երբ բանակը ստիպված միջամտել է, ապա դա հեղաշրջում չէ՝ բանակը աջակցություն է ցուցաբերել ժողովրդի պահանջներին:

Reuters-ը նշում է, որ Մուրսիի պաշտոնանկությանը նախորդած անկարգությունների արդյունքում Եգիպտոսում 300 մարդ է զոհվել:

Եգիպտական բանակի մեծ ազդեցությունը, մեծ իշխանությունը և միաժամանակ վտանգավորությունը բնորոշելու համար Reuters-ը օգտագործում է Նուբար Քերոբյանի խոսքերը: Նա հիշում է, թե ստուդիայում լուսանկարելու համար անհրաժեշտ պայծառ ակնթարթային բռնկումը ինչպես էր ապահովում իր հայրը․- «Նա նիտրատները խառնում էր մագնեզիումին, ինչը իր հատկությամբ չէր զիջում վառոդին»: «Դա շատ հզոր էր, բայց և շատ վտանգավոր», - ասում է Նուբար Քերոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG