Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, մասնավորապես, մրգի, բանջարեղենի գների շոշափելի բարձրացման մասին:

Անցած տարվա հուլիսի համեմատ, օրինակ, խնձորը թանկացել է 181 դրամով, 125 դրամով՝ կաղամբը, գրեթե 200 դրամով՝ վարունգը: 9.2 տոկոս գնաճ է գրանցվել հացամթերքի խմբում:

Թանկացումը շոշափելի է երևանցիներից շատերի համար:

«Սուրճը գնել եմ 2800 դրամով, իսկ անցյալ տարի գնում էի 2300-ով, հացն էլ է թանկացել, կաթնեղենն է թանկացել, պանիրներն են թանկացել, ամեն ինչն էլ թանկացել է: Իսկ եկամուտները նույնն են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խանութում գնումներ կատարող մի կին:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի, սննդամթերքի թանկացումը կարելի է համարել «օբյեկտիվ» թանկացում՝ նկատի ունենալով, որ գազի թանկացումը ստիպում է գյուղացուն բարձրացնել իր արտադրանքի գինը:

«Մենք ունենք [գնաճի] ամենավատ տարբերակը․ գները բարձրանում են գնողունակության նվազման ֆոնին: Դա շատ ավելի վտանգավոր է, շատ ավելի սոցիալական լարվածություն է մտցնում: Պատկերացրեք՝ 35 տոկոսը բնակչության այսօր պաշտոնական տվյալներով աղքատ է: Ու այդ աղքատ մարդկանց համար գները աճել են, իրենց [պաշտոնական վիճակագիրների] ասելով՝ 8.5 տոկոսով: Իրականում շատ ավելի շատ են աճել: Պետք է հաշվի առնել, որ ավելի շատ թանկացել են պարենային ապրանքները՝ ավելի քան 10 տոկոսով: Այս պայմաններում գնում է ավելի մեծ բևեռացում հասարակության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գևորգյանը՝ եզրափակելով․ - «Տնտեսական վիճակը Հայաստանի կգնահատեի շատ վատ և շատ վտանգավոր»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG