Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունում համոզված են, որ Նոր Հալեպ թաղամասի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներ կգտնվեն ու առաջիկայում Աշտարակում կսկսվեն շինարարական աշխատանքները։

Կառավարության որոշմամբ՝ Աշտարակում կառուցվելիք Նոր Հալեպում կբնակվի մոտ 300 սիրիահայ ընտանիք։ Նախատեսվում է կառուցել 4-5 հարկանի 10 բազմաբնակարան շենք ու մոտ 100 առանձնատուն։ Բնակարանները կհատկացվեն սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքներին ոչ թե անվճար, այլ շուկայականից ցածր գներով։

Նոր Հալեպ թաղամասը կկառուցվի Աշտարակ քաղաքի վերջնամասում։ Աշտարակի ավագանին մոտ 5 հեկտար հողատարածք է անվճար հատկացրել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը։ Դեռևս ամայի, անհրապույր տարածքում, ինչպես հույս ունեն կառավարությունում ու հալեպահայերի շրջանում, վեր կխոյանա հալեպահայերի համար հայրենիքում նոր կյանքի խորհրդանիշը համարվող թաղամասն իր հարմարավետ բնակարաններով։

Սարո և Փեգի Բարսումյանները ժամանակից առաջ ընկնելով արդեն մտովի ձևավորում, կահավորում են իրենց բնակարանը, պատկերացնում են իրենց փոքրիկ պարտեզը, հարմարավետ բակը։ Նրանք առաջին անգամ էին այցելում դեռևս քարերով ու խոտածածկով պատված Նոր Հալեպ թաղամաս։

«Մի քիչ Երևանից հեռու է, բայց երևի հալեպցիները այստեղ Նոր Երևան կամ Նոր Հալեպ շինեն»,- լիահույս է Սարոն։

Աշտարակի ապագա բնակիչ սիրիահայերը, սակայն, մի մտահոգություն ունեն. մեկ տարի հայրենիքում բնակվող սիրիահայերից շատերը աշխատանք չեն կարողանում գտնել։ Ֆրեդի Դեմիրճյանն ասում է, որ գործազրկության հետևանքով իրենց կուտակած գումարը կվերջանա։ Նրանք խնդրում են արագացնել բնակարանների կառուցումը, քանի դեռ իրենք ի վիճակի են վճարել դրանց համար։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում սփյուռքի նախարարությունում ձևավորված սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն ասում է, որ թաղամասի կառուցման համար բացված հաշվեհամարներին առայժմ միայն մեկ փոխանցում է կատարվել։ 100 հազար դոլար է նվիրաբերել «Գրանդ տոբակո» ընկերությունը։ Եվս մի քանի խոշոր ընկերություններ նվիրատվության խոստումներ են արել։ Զաքարյանն ասում է, որ իրենք դիտարկել են նաև սփյուռքի տրամադրությունները և պարզել, որ տարբեր երկրներում բնակվող ազգությամբ հայերը ևս իրենց ներդրումները կանեն։ Միաժամանակ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է տարբեր երկրների դեսպանատներ, միջազգային տարբեր կառույցներ։

«Կարևորն այն է, որ սիրիահայերը իրենք են ընտրել, թե ինչպիսի անհատական բնակարան կուզենային, մենք նրանց տվել ենք մոդելները, որը մեզ է տրամադրել քաղաքաշինության նախարարությունը և իրենք ընտրել են, ըստ այդմ էլ մենք կառաջնորդվենք»,- ասաց Զաքարյանը։

Սփյուռքի նախարարությունում դեռ չեն մանրամասնում, թե որքան գումար կպահանջվի նոր թաղամասի կառուցման համար։ Հաշվարկները դեռևս չեն ավարտվել։ Առայժմ ընթացքի մեջ են նախագծահաշվարկային աշխատանքները։

Զաքարյանի գնահատականներով՝ սիրիահայ ընտանիքներից յուրաքանչյուրը նորակառույց բնակարանի համար կվճարի կատարված ծախսերի մեկ երրորդ մասը։ Դեռևս, սակայն, հստակեցված չեն վճարման հետ կապված այլ հարցեր։

«Հիմա հաշվարկները ընթացքի մեջ են, բայց մենք ենթադրում ենք, որ այս բնակարանը կառուցելուց հետո ինչ արժեք որ կգոյանա՝ հողը, բնակարանը և այլն, սիրիահայ ընտանիքը կմասնակցի մեկ երրորդով»,- ասաց սփյուռքի նախարարության պաշտոնյան։

Կառավարությունը հայրենիք տեղափոխված սիրիահայերի համար նախատեսում է երևանամերձ այլ բնակավայրերում ևս թաղամասեր կառուցել։ Հայաստանում այժմ բնակվում է մոտ 10.000 սիրիահայ։
XS
SM
MD
LG