Մատչելիության հղումներ

Բանակում մահացած զինծառայողի հայրը պնդում է, որ որդուց «վրեժ են լուծել»


Բանակում մահացած զինծառայողի հայրը պնդում է, որ որդուց «վրեժ են լուծել»
please wait

No media source currently available

0:00 0:06:04 0:00

Բանակում մահացած զինծառայողի հայրը պնդում է, որ որդուց «վրեժ են լուծել»

Հուլիսի 30-ին Ղարաբաղի մարտական դիրքերից մեկում 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ մեկ հոգի կալանավորվել է։

Հրազենային վիրավորումից մահացած երիտասարդի տուն վերադարձին ընդամենը 4 ամիս էր մնացել։

Արման Մուրադյանին «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի 42-ամյա տեղակալին՝ Էմիլ Ավետիսյանին։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` նա մեղադրվում է իշխանազանցության, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։

Մահացած երիտասարդի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով զորամասից ստացած իր տեղեկությունները, միանշանակ պնդում էր, որ գումարտակի հրամանատարի տեղակալը կրակել է իր որդու վրա` նրան ծեծի ենթարկելուց հետո։ Հայրը պահանջում է փոխել ինքնասպանության հասցնելու հոդվածը, ծանրացնել Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ հանուն արդարության պատրաստ է մինչև վերջ պայքարել։ Հովսեփ Մուրադյանը պատմեց, որ որդին կոնֆլիկտ է ունեցել զինվորներից մեկի հետ, ով եղել է Էմիլ Ավետիսյանի բարեկամը։ Լարված հարաբերություններն են, ըստ զոհվածի հոր, հանգեցրել նման վրեժխնդրության:

«Ճիվաղները վրեժն էդպես լուծեցին... ինքն է կրակել, իմ տղայի զենքից ինքն է կրակել, ես դա հաստատ գիտեմ։ Ինքնասպանություն են որակում, որ մեղմացնեն այդ սպայի արարքը, էլ չեն մտածում, որ նման ճիվաղները սպայի պատիվն են գցում, սպայի պագոնն են պոկում վրայից։ Պետք է փոխվի մեղադրանքը, թե չէ ես մինչև Եվրադատարան գնալու եմ, իրենք էսօր ինձ ի՞նչ կարող են տալ, մենակ արդար դատավճիռ, չեն կարող իմ երեխային վերադարձնեն»,- լալիս էր հայրը,- «Նոյեմբերի 28-ին պիտի զորացրվեր, դուք մտածեք, ո՞նց է հնարավոր 20 ամիս հետևում թողած ավագ սերժանտը գնար ինքնասպանության... Նախորդ օրը զանգել էր, զգացի, որ երեխեն հոգոցներ էր հանում, խոր շունչ քաշեց, ասաց՝ «հարց կա, պապա, բայց ես իմ հարցերը կլուծեմ, մեկուկես տարվա ծառայող եմ, չեմ կարո՞ղ իմ հարցերը լուծել», ինքը չլուծեց, իր հարցերը լուծեցին...»։

Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ Արման Մուրադյանը գերազանց սովորել է Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայում, տարկետում է վերցրել, մեկնել ծառայության՝ վերադարձից հետո ուսումը շարունակելու նպատակով։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, շնորհակալագրեր է ստացել, այնուհետև տեղափոխվել է Ղարաբաղ, որտեղ, ըստ հոր, սկսվել են կոնֆլիկտները կրտսեր ծառայակիցների հետ։

«Սերժանտը պիտի ենթարկվի նորակոչ Ղարաբաղի զինվորին, դա է եղել կոնֆլիկտի պատճառը... Ոնց ասեն, պիտի անես, ասեն կանգնի՝ կանգնես, նստի՝ նստես.. Ինքը ո՞նց ենթարկվեր, սերժանտ մարդ է, վեց ամսվա սերժանտը ենթարկվեր նորակոչ զինվորի՞ն, նման կոնֆլիկտները մի տարի եղան, դժվարությամբ հաղթահարում էր տղաս, մինչև եկավ էս պահը»,- ասաց հայրը՝ ընդգծելով, որ մի անգամ որդին նույնիսկ լքել է զորամասը, հետո վերադարձել։

Հովսեփ Մուրադյանին տեղեկացրել են, որ վերջին ողբերգական միջադեպը ծագել է հեռախոսազանգից։ Գումարտակի հրամանատարի տեղակալի Էմիլ Ավետիսյանը զանգել է դիրքեր, զինվորները զանգին չեն պատասխանել, ինչից վրդովված սկսել է պատժել երկու զինվորների և սերժանտ Արման Մուրադյանին։

«Իրենք դա են պատճառ բռնում, որ չի պատասխանել զանգին, բայց իրական պատճառը կոնֆլիկտն է այդ ճիվաղ զինվորի հետ։ Երկու ժամ զրահաբաճկոնով, ուսապարկով, ավտոմատով, կասկայով վազեցրել է, երկու ժամ, հետո գնացել է կողքի դիրքերը, չի հանգստացել, զանգել երեխեքին կանչել է էնտեղ ու սկսել կտտանքների ու ծեծի ենթարկելով վազեցնել։ Երեխեն ուժասպառ է եղել, վրայից հանել է զրահաբաճկոնը, ուսապարկը, կասկեն, զենքը շպրտել կողքի, չի ենթարկվել, սպան զենքը վերցնելով սպառնացել է՝ «եթե հրամանս չկատարես, կկրակեմ», տղաս ասել է՝ «չկրակողի...», նա էլ կրակել է երեխուս կրծքին։ Բարձրանան վերև, իջնեն ներքև, ինչքան էլ վախի ազդեցության տակ ցուցմունք տան, որ ինքնասպան է եղել, դա բացառված է։ Վրեժ են լուծել»,- պնդում էր հայրը՝ վկայակոչելով նաև կրծքավանդակին հասցված հրազենային վնասվածքը:

«Եթե դնչի տակից լիներ, կասեի՝ հա, դրել է դնչի տակ, կրակել, բայց ո՞նց կարող էր զենքը դիմացից թեքությամբ էնպես պահեր կրծքավանդակին ու կրակեր, որ փամփուշտը մարմնի ներքևից դուրս գար, ո՞նց է դա հնարավոր»,- հարցնում էր հայրը։

Հովսեփ Մուրադյանի փոխանցմամբ՝ վնասվածք ստանալուց հետո որդին 20 րոպե կենդանի է եղել, բայց կողքը կանգնած Էմիլ Ավետիսյանը օգնություն չի ցուցաբերել.- «Կանգնել կողքը, նայել է, մինչև ուրիշ տեղից կոմանդիրը եկել է, դրել մեքենան, տարել են սանչաստ... դիտողի դերում նայել է, երևի որ երեխեն մահանա, որ իր դեմ ցուցմունք չտա: Մտքովս էլ չէր անցնի, որ էդքան դաժան կլինեն։ Ուրեմն հայը, քրիստոնյան, խաչը վզին մարդուն էդ տեսակ կտտանքների կենթարկի, վերջում էլ զենք կպահի վրան, կկրակի, հա՞»։

Զոհվածի հայրը մտադիր է հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և առաջ է քաշում ինչպես կալանավորվածի մեղադրանքը ծանրացնելու, այնպես էլ դրդող զինվորին պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Թող իմ որդին լինի վերջին զոհը ու նման ճիվաղները չլինեն բանակում»,- զրույցը եզրափակեց նա։
XS
SM
MD
LG