Մատչելիության հղումներ

Քաղաքապետը չի կատարելու ցուցարարների պահանջը


Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում պաշտոնանկությունների խնդիր չի տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Տարոն Մարգարյանը չի պատրաստվում կատարել մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքի մոտ արդեն 12-րդ օրը նստացույց անողների պահանջները:

«Չենք վճարի 150 դրամ» ակցիայի մասնակիցները, հիշեցնենք, հայտարարել են, որ նստացույցը շարունակելու են՝ ընդհուպ մինչև հացադուլ հայտարարելը, քանի դեռ պաշտոնանկ չեն արվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու «Երևանտրանս»-ի տնօրենը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ «3-4 հոգու» ցանկությունները չի պատրաստվում կատարել, քանի որ «ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների»․ - «Մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են: Երբ որ չկատարեն՝ պարտադիր չի, որ կոչ անեն, որ պաշտոնանկ անեմ: Ոչ միայն տրանսպորտի ոլորտում, այլ բոլոր ոլորտներում․ այն աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքը նորմալ չեն կատարի, այդ ժամանակ, բնականաբար, ես կվերանայեմ: Բայց այստեղ այդ մարդիկ իրենց աշխատանքը նորմալ կատարում են»:

Դիտարկմանը, թե վաղը ցուցարարները կարող են նաեւ իր հրաժարակը պահանջել, Մարգարյանն արձագանքեց․ - «Ես այդ բոլոր հարցերին պատասխանել եմ»: Այնուհետեւ քաղաքապետն ասաց տառացիորեն հետևյալը․ - «Ինձ թվում է, 150 դրամի համար որոշումը, հայտարարությունս բոլորս լսեցիք․ ասեցվեց՝ հանձնաժողով ստեղծվի, որ սոցիալական խմբերի խնդիրները ուսումնասիրենք, նոր քայլենք: Ինձ թվում է, էս հրաժարականներին և էս նման, հա՞, պահանջներին ժողովուրդը էդքան էլ կողմնակից չի: Հարցրեք ժողովրդին»:

Ուղեվարձի բարձրացման մասին իր իսկ որոշման կասեցումը քաղաքապետը պայմանավորեց ոչ թե 150 դրամի դեմ բարձրացած բողոքի ալիքով, այլ խոցելի խմբերի խնդիրներով մտահոգ ներկայացուցիչների հետ իր հանդիպումներով:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ուղեվարձին վերաբերող որոշման կասեցումը, քաղաքապետը պատասխանեց․ - «Հիմնականում իմ շփումները թե՛ ուսանողների հետ, թե՛ այն կազմակերպությունների հետ, որոնք իրականում այդ հարցը բարձրացնում էին՝ սոցիալական խնդրի հետ կապված, որ պետք է լգոտաներ [արտոնություններ] տալ: Ես համաձայնությունը տվեցի»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե կարելի է ասել, որ նաև երիտասարդության բողոքով է պայմանավորված, Մարգարյանն արձագանքեց․ - «Ես հանդիպել եմ ուսանողների հետ, կազմակերպության պատասխանատուների հետ և այն ոլորտի խոցելի խմբերի կազմակերպության ներկայացուցիչների հետ, և քննարկել ենք այդ հարցը»:

Քաղաքապետը չբացառեց, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը նորից կարող է դառնալ 150 դրամ:

Քաղաքապետն առաջարկել է Երևանում տրանսպորտի խնդիրները քննարկելու համար ստեղծել հանձնաժողով, թեև մի ամբողջ վարչությունը քաղաքապետարանում զբաղվում է այդ հարցով: Ենթադրվում է, որ այդ հանձնաժողովի հիմնական գործը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորումն է լինելու:

Ավելի վաղ, հիշեցնենք, քաղաքապետը հայտարարել էր, թե անհնար է 100 դրամ ուղեվարձով ապահովել քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ: Նա այսօր էլ նշեց․ - «Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ տրանսպորտ, անպայման պետք է քննարկենք այդ հարցը: Եթե չենք ուզում ունենալ նորմալ տրանսպորտ և ընդհանրապես տրանսպորտ, ուրեմն ինչ վիճակ կա, պետք է դա էլ մնա», - նշեց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ հանձնաժողովը դեռ ձեւավորման փուլում է ու երբ այն սկսի աշխատել, իրենց փաստարկներն ազատորեն կարող են ներկայացնել տնտեսագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, տնտեսվարողները: Խոստացան նաև, որ հանձնաժողովի քննարկումներին ազատ մուտք կունենան ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստները:

Նշենք նաեւ, որ առայժմ այդ հանձնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չեն ստացել Երևանի ավագանում ոչ իշխանական քաղաքական ուժերը ներկայացնող խմբակցությունները:

Մինչդեռ «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համար շարունակում է անհասկանալի մնալ նման հանձնաժողովի ստեղծման նպատակը: «[Ստեղծվելիք հանձնաժողովի] լիազորությունները, կարգավիճակը պետք է հստակեցվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ավագանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:

Իսկ «Բարև Երևան» խմբակցությունը ներկայացնող Անահիտ Բախշյանի խոսքով՝ իրենք տրամադրված չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ արդեն հայտարարել են, որ ուղեվարձի բարձրացումը տրամաբանված չէ:
XS
SM
MD
LG