Մատչելիության հղումներ

Օգոստոսի 6-ի մամուլ


«Խոշոր բիզնեսը զտելու ժամանակն է» վերնագրի ներքո «Ժամանակ» օրաթերթի խմբագրականն արձանագրում է․ - «Կասկած չկա, որ համապատասխան աշխատանքի պարագայում, Հայաստանում կարող է գտնվել խոշոր գործարարների այն շերտը, որն իսկապես կարող է գործընկեր լինել երկրում համակարգային փոփոխությունների գործընթացում: Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես ուզում է այդպիսի փոփոխություններ իրականացնել, ապա այդ գործարարներին գտնելը, նրանց հետ թիմ կազմելն ու այդ թիմով իսկապես լուրջ գործընթաց սկսելը կդառնա միանգամայն իրատեսական: Առավել ևս, եթե նկատի առնենք այդ հարցում ընդդիմության հնարավոր աջակցությունը, որ բազմիցս է արտահայտվել՝ եթե իշխանությունը գնա իրական համակարգային փոփոխությունների, ընդդիմությունը պատրաստ է ընդունել դրանք և համարժեք վերաբերմունք դրսևորել: Ահա այդ պայմաններում, համակարգային փոփոխությունների հարցում այսպես ասած քրեաօլիգարխիկ ռեսուրսի հնարավոր դիմադրությամբ արդարանալը Սերժ Սարգսյանի մոտ կնմանվի ընդամենը հանրությանը մոլորեցնելու և ժամանակ շահելու անհույս փորձերի: Ի վերջո, Սահակաշվիլիի հուսադրող փորձը մեր աչքի առջև է, երբ նա շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կոտրել Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին գրեթե ոչնչով չզիջող վրացական համակարգի դիմադրությունը»:

«Առավոտ»-ը զրուցել է «Նախախորհրդարան» կազմակերպության քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հարցին, թե «Նախախորհրդարան»-ն ի՞նչ ձևաչափով է աջակցում այս օրերին քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստներին, Սեֆիլյանը պատասխանել է. - «Նպատակահարմար և արդյունավետ չեմ համարում քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիների պահանջները, քանի որ նույնիսկ դրանց կատարման դեպքում, ըստ էության, ոչինչ չի փոխվի: Մի հանցավոր պաշտոնյային կփոխարինի մյուսը, ինչի համար ճիշտ չէ քաղաքացիական ակտիվի այդքան կարևոր ռեսուրսի վատնումը»: Սեֆիլյանն այնուհետեւ վստահեցրել է, որ իրենք որևէ քաղաքացիական նախաձեռնության գործնական աջակցություն են ցուցաբերում այն դեպքում, երբ պայքարի թիրախն ու մարտավարությունը հստակ է և չի գտնվում այս համակարգից ներս, այսինքն` ենթակա չէ դրա կանոններին ու հայեցողությանը, իսկ հաջողության հասնելու հնարավորությունն էլ իրական է. - «Այս առումով առհասարակ քաղաքացիական ակտիվությանը պետք է վերաբերվել որպես մարտավարություն` այն օգտագործելով հայության գլխավոր ռազմավարական նպատակին` մեր ազգային և մարդկային արժանապատվությունն ու իրավունքները երաշխավորող նոր որակի պետության ստեղծմանը հասնելու համար: Ուստի քաղաքացիական ակտիվության միջոցով նպատակահարմար և արդյունավետ են միայն այդ նպատակին ուղղված խիստ ռացիոնալ այն քայլերը, որոնց շնորհիվ կարող ենք հանցավոր համակարգից փրկել հնարավորը, համախմբել ու կազմակերպել ժողովրդին պետական կառավարման զուգահեռաբար գործող համակարգի սաղմերի ձևավորման ու հզորացման գործընթացի մեջ, ինչպես նաև նպաստել առկա համակարգի փլուզմանը»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ - «Տարիներ շարունակ հայ հանրությունը մի բան է պահանջում իշխանությունից․ առանց ինձ տեղեկացնելու, առանց իմ կարծիքը հարցնելու որոշումներ մի կայացրու: Մանավանդ՝ դա նաև օրենքի պահանջն է: Բայց «սևին սապոնն ինչ անի»՝ իշխանությունն անխռով իր գործն առաջ է տանում՝ հաշվի չառնելով հանրային կարծիքը և հակահասարակական օրենքներ ընդունելով: Սակայն եթե տարիներ առաջ այդ պրակտիկան բավական անխափան գործում էր, հիմա, ինչպես ասում են, ավելի ու ավելի է ոտները քարին դեմ առնում: Մի բան պարզ է, որ ՀՀ քաղաքացին այլևս նախկինը չէ․ նա պատրաստ է պաշտպանել իր իրավունքները, և դրա համար նրան առանձնապես ուղղորդել, առաջնորդել, հուշել պետք էլ չէ: Ուղղակի ոչ ոք չի կարող ասել, թե ինչը կկպչի հայ մարդու «ներվին», ինչից նա կզայրանա ու նորից փողոց կելնի: Ոչ ոք չի կարող ասել նաև, թե ովքեր կլինեն այդ պայքարի առաջամարտիկները՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչնե՞րը, լրագրողնե՞րը, թե՞ տնային տնտեսուհիները: Պարզ է, որ քաղաքական ընդգծված լիդերների կարիք ժողովուրդը չունի, ծախվելու պատրաստ կուսակցական առաջնորդներ նրան այլևս պետք չեն»:

«Ժողովուրդ» թերթում կարդում ենք․ - «Ապօրինի միգրացիայի դեմ Ռուսաստանի իշխանությունների պայքարը բացասական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Բանն այն է, որ այդ միգրանտները ՌԴ էին մեկնել սոցիալական ծանր վիճակից դրդված՝ իրենց ընտանիքները պահելու համար օրվա հաց վաստակելու նպատակով: Ու հիմա նրանց հարկադրաբար Հայաստան վերադարձնելով՝ պարզապես ավելացնում են գործազուրկների բանակը՝ սրելով սոցիալական բևեռացվածությունը: Ի վերջո, այդ ընտանիքները այս տարիներին գոյատևել են հենց ՌԴ-ում գտնվող իրենց ազգականների ուղարկած տրանսֆերտների հաշվին, և այսպես, փաստորեն, կտրվում է նրանց եկամտի աղբյուրը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG