Մատչելիության հղումներ

Անցած գիշեր ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան է ստացվել Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից:

Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ է հասել՝ այնքան արագ, որ հանցամիտները նույնիսկ չէին հասցրել մտնել սրահ, փոխանցում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

«Ոստիկանները վնասազերծեցին նրանց ու բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվեց, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը (համակարգում է 2001 թվականից) և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը (համակարգում է 1998 թվականից)», - ասված է հաղորդագրությունում:

«Ցավալի դեպք է, բայց ոստիկանությունը նաև այսպե՛ս է ինքնամաքրվում», - ընդգծում է ոստիկանությունը՝ անթույլատրելի համարելով, որ «իր պարտականությունները անձնվեր ու արժանապատվորեն կատարող ոստիկանի հետ նույն համազգեստը կրի անարժանը, անպատիվը, դավաճանը»:

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, փոխանցում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժինը՝ հայտնելով նաև, որ ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ծառայողներ Արփենիկ Թադևոսյանը, Կարեն Ավետիսյանը և Համլետ Խուրշուդյանը ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացել են պարգևների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG