Մատչելիության հղումներ

Կանգառները կբացվեն ԵՊՀ-ի, Տնտեսագիտական համալսարանի Զեյթունի մասնաճյուղի, Համալիրի, Իսահակյան-Տերյան խաչմերուկի, «Առագաստ» սրճարանի, Մաշտոցի պուրակի հարեւանությամբ, այլ վայրերում:

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն ձևավորվել է հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ, որը եւ կզբաղվի մայրաքաղաքում հեծանվային մշակույթի զարգացմամբ:

Մի քանի օր առաջ հեծանվային կանգառների բացման թեմայով քաղաքապետարանում հրավիրված քննարկմանը ներկա էին քաղաքապետարանի, կանգառներ տեղադրող մասնավոր ընկերության ներկայացուցիչները եւ հեծանվային ակտիվիստները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց․ - «Այս ընթացքում ներդրող կազմակերպությունը ցանկություն հայտնեց հեծանվային կանգառներ կառուցել Երեւան քաղաքում եւ որպես փոխհատուցում ստանալ գովազդային տարածքները վաճառելու իրավունքը: Առաջարկն ընդունելի էր, առաջարկեցինք նախնական փուլում 17 հեծանվականգառներ կառուցել»:

Հեծանվային կանգառ կտեղադրվի նաեւ Երեւանի քաղաքապետարանի տարածքում: Հարցին, թե արդյոք պատկերացնում է իրեն հեծանվով աշխատանքի գալիս, Արազ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Այո, բայց դա չի լինի ամենօրյա աշխատանքային գրաֆիկով, այլ երեւի շաբաթ օրերը՝ ավելի ազատ գրաֆիկով»:

Կանգառների կազմակերպումը, ըստ դրանով զբաղվող գովազդային գործակալության հիմնադիր Հենրիկ Առաքելյանի, կարժենա մոտ 80 հազար ԱՄՆ դոլար:

Հեծանվային կանգառներում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ:
XS
SM
MD
LG