Մատչելիության հղումներ

«Վճարում ենք 100 դրամ»-ը «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել


Հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել՝ տարբեր օրերի բողոքի ակցիաներին մասնակցող ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու առնչությամբ։

« Պարոն Հովսեփյան, 2013 թվականի հուլիսի 20-ին Երևանում անցկացվող «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ընթացքում քաղաքի տարբեր մասերից ոստիկանության Մաշտոցի, Կենտրոն և Էրեբունու բաժիններ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել Սոնյա Մսրյանը, Արսեն Օհանյանը, Դավիթ Հարությունյանը, Վահագն Մինասյանը և Տարոն Հարությունյանը: Հուլիսի 23-ին իրենց տներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում կազմակերպված «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ընթացքում և այնուհետև ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել ոստիկանության բաժնում Սարգիս և Արեգ Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Մաքսիմ Սարգսյանը, Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը և Հրանտ Հովհաննիսյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում կազմակերպված նստացույցի մասնակից Արգիշտի Կիվիրյանը»,- հայտարարում է նախաձեռնությունը։

Քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ վերը նշվածը փաստվում է հաղորդմանը կից ներկայացված լրատվական նյութերով և հավաքի ընթացքը լուսաբանող տեսանյութերով:

«ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն ամրագրում է անձի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը: Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի»։ Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք նույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով, իսկ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իմաստով համաչափությունը ենթադրում է, որ «վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»: Մինչդեռ, տվյալ պարագայում ոստիկանության աշխատակիցների գործողություններն անհամաչափ են»,- հայտարարում է «Վճարում ենք 100 դրամ» շարժումը։

Հայտարարության տեքստում քաղաքացիական ակտիվիստները նշում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է բերման ենթարկելու հասկացությունը, համաձայն որի «բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ»: Նույն հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ «բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա»:

«Սակայն տվյալ դեպքում հաղորդմամբ նշված տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանություն առանց համապատասխան որոշման: Միևնույն ժամանակ, անօրինական կարգով բերման ենթարկվելով ոստիկանություն` նշված անձինք զրկվել են ազատ տեղաշարժի և անձնական անձեռնմխելիության` սահմանադրորեն ամրագրված իրավունքներից: Իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքով օժտված անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք (արարքներ) թույլ չի տրվել, հետևաբար` նրանց ազատության սահմանափակումն անօրինական է: Այսպիսով, վերը շարադրվածը փաստում է, որ ոստիկանության աշխատակիցները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ, ուստի հիմք ընդունելով Ձեր՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունները, դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ սույն հաղորդման հիման վրա համապատասխան քննություն կատարելու, հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հանցանք, իսկ վարչական իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում՝ զանցանք կատարած ոստիկանության աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG