Մատչելիության հղումներ

logo-print

Ակտիվիստները կներկայացնեն Նավասարդյանի պաշտոնանկության պահանջի իրավական հիմքերը


Քաղաքապետարանի առջև հերթական գիշերն անցել է առանց միջադեպերի։ Այդ փաստը հաստատեցին թե նստացույց անողները, թե տարածքը հսկող ոստիկանները։

Քաղաքապատանի առջև նստացույցի նախաձեռնող և մասնակից Վահագն Մինասյանն ասաց, որ իրենք այսօր որևէ ակցիա չեն նախաձեռնել։

«Նախատեսում ենք երկուշաբթի օրվա համար առավոտյան ժամը 9-ին, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գալիս են աշխատանքի, թռուցիկներ կբաժանենք իրենց»,- ասաց Մինասյանը՝ ներկայացնելով թռուցիկների բովանդակությունը.- «Հարգելի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, թույլ մի տվեք, որ ձեր և ձեր հիմնարկի անունը կապվի հանցավոր պահվածքի և անօրինությունների հետ։ Ի վերջո տուժում է ձեր անունը, քաղաքապետարանի քրեական վարք ունեցող պաշտոնյայի պատճառով։ Միացեք Երևանի բնակիչների պահանջին, դատապարտեք անօրինությունը։ Հեռավորություն պահեք հանցավոր վարք դրսևորող պաշտոնյաներից»։

Այնուհետև թվարկվում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի անունները։ Նշվում է, որ նրանց են պատկանում երթուղային գծեր, և այդ պաշտոնյաները սպառնացել են քաղաքացիներին և հարձակվել նրանց վրա ակցիաների ժամանակ։ Ակտիվիստները, հիշեցնենք, այս երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջով են նստացույց անում։

«Ի դեպ, նախատեսում ենք երկուշաբթի օրը Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության հետ կապված իրավական հիմքեր ներկայացնել։ Մեր իրավաբան ընկերներին խնդրել ենք, որ այդ ամբողջը ամփոփեն»,- ասաց Վահագն Մինասյանը՝ ընդգծելով, որ նստացույց անողների հետագա քայլերը կախված են քաղաքապետարանի հնարավոր արձագանքից։

Քանի որ նստացույց անողներին չհաջողվեց քաղաքապետարանի առջև վրան տեղադրել, տղաները որոշել են հովանոց տեղադրել։

«Անպայման կտեղադրենք հովանոց, սակայն դա երևի մի քանի օր հետո... կար տպավորություն, որ վրանի հետ կապված մենք համաձայն չենք մեր ընկերների հետ։ Պետք է նշեմ, որ դա այդպես չէ, որովհետև դա օրինական, իրական գործողություն է։ Օրենքի տվյալ կետը ոստիկանությունը մեկնաբանեց յուրովի, և թույլ չտվեց վրանի տեղադրում»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ հովանոցի համար ոչ ոքի թույլտվությանը չեն սպասում։

Ի դեպ, նստացույց անողներիև և քաղաքապետարանի միջև կա պայմանավորվածություն, որ ոռոգման ջուրը միացվի օրվա որոշակի ժամերի, որպեսզի ակցիայի մասնակիցները չթրջվեն։

«Կարծում եմ, այդ գործընթացների կազմակերպիչները հասկացան, որ դա ուղղակի ծիծաղելի երևույթ է և նման մեթոդներով քաղաքացիներին չեն կարող ստիպել ետ կանգնել իրենց պահանջներից», - ասաց ակտիվիստը՝ շեշտելով երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջը անձնավորված չէ, այլ իրավական է և միտված է արդարության հաստատմանը, և դա իրավական հարթության մեջ խնդիրը լուծելու նախադեպ կարող է դառնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG