Մատչելիության հղումներ

logo-print

Ուսանողները կպայքարեն ուսման վարձերի բարձրացման դեմ


Ուսանողները ԵՊՀ-ում, արխիվային լուսանկար

Ուսանողները ԵՊՀ-ում, արխիվային լուսանկար

Մինչ բուհերի ներկայացուցիչներն ու կրթության ու գիտության նախարարը հայտարարում են, որ ուսման վարձավճարների բարձրացումը անխուսափելի է, քանի որ նախկին գներով հնարավոր չէ որակյալ կրթություն ապահովել, ուսանողները միացել ու պայքարում են ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Նրանք ասում են որ թանկացումները նոր չեն և գրեթե յուրաքանչյուր տարի են կատարվում, բայց կրթության որակը չի փոխվում:

Այս սեպտեմբերից առաջին կուրսեցիները 20-150 հազար դրամով ավելի կվճարեն ընտրած մասնագիտությունների համար, քան նախորդ տարիներին ընդունված ուսանողները: Ուսման վարձերը բարձրացել են հինգ պետական բուհերում՝ Երևանի պետական, Տնտեսագիտական, Ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական, Թատրոնի և կինոյի համալսարաններում, նաև Կոնսերվատորիայում:

Այս տարի Երևանի պետական համալսարանի մագիստրատուրա ընդունված Հայկը 100 հազար դրամով ավելի պետք է վճարի իր ուսման համար: Նա ասում է սակայն, որ չի պատրաստվում նոր սակագնով վճարել.- «Ես պատրաստվում վճարել նախկին գինը, դա, իհարկե, այնպես պետք է լինի, որ համատարած բնույթ կրի, 1-2 ուսանող եթե այդպես անեն, հաջողության չեն հասնի։ Բայց եթե համատարած բնույթ կրի, ուսանողները հրաժարվեն այսօրվա թանկ վճարները մուծելուց, նրանք, ինչպես տրանսպորտի դեպքում վերադարձան նախկին գնին, նույնը այս դեպքում կլինի»։

Հայկը ուսման վճարների բարձրացումը հիմնավոր չի համարում, քանի որ կրթության որակի բարելավում չի տեսնում: Ասում է՝ իր դասընկերներից շատերն են այդպես են կարծում:

«Մենք չենք տեսնում՝ ինչի՞ համար պետք է բարձրացվի։ Ֆիզիկա կամ միջազգային հարաբերություններ, արաբագիտություն, իսլամագիտություն՝ ողջ գրականությունը սովետական ժամանակներից մնացած ռուսական գրքեր են, ռուսերեն լեզվով են և դժվարացնում են մեր գործը»,- ասում է ուսանողը։

Երիտասարդ ակտիվիստները «Ֆեյսբուք»-ում մի նոր շարժում են սկսել, փորձում են պայքարել ու վերադարձնել նախկին գները: Ակտիվիստ Մետաքսյա Քոլոզյանը այս տարի է ավարտել բուհը, ասում է՝ այլևս ուսանող չէ, բայց կպայքարի ուսման վարձավճարների բարձրացման դեմ, քանի որ ուսումը տարեցտարի թանկանում է, բայց ուսանողները շարունակում են դժգոհել ուսման որակից, դասախոսներն էլ իրենց աշխատավարձից:

«Ամեն տարի 100 հազար դրամով բարձրանում է որոշ բուհերում, և դա արդեն անհանգստության առիթ է դառնում, քանի որ ոչ մի հիմնավորում չունի։ Եթե ամեն մի բուհում 100 հազար դրամով թանկանում է, ու ոչ մի փոփոխություն չի լինում թե նյութատեխնիկական, թե հոգեբանական, թե առավել ևս կրթության որակի առումով, դա հիմնավորում չեմ կարող համարել։ Միայն վատ փոփոխություններ եմ տեսնում, ինչքան լավ դասախոս եմ ունեցել, բոլորը թողել-գնացել են թե երկրից, թե անցել են ուրիշ աշխատանքի»,- ասում է Քոլոզյանը։

Մինչդեռ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը թանկացումը հիմնավոր է համարում: Մոտ երկու ամիս առաջ մեկնաբանելով ուսման վճարների բարձրացումը՝ նա նշեց, թե ակնհայտ է, որ օրինակ, 200 հազար դրամով որակյալ կրթություն ստանալն անհնար է, միաժամանակ ասաց, որ սոցիալապես անապահով ուսանողները 50-100 տոկոսով ուսման վարձի փոխհատուցում կստանան, ցանկացողներն էլ արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր կստանան։

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Մհեր Ղազարյանն ասում է, որ ուսանողներին արտոնություններ տրամադրելու որոշումները հաճախ թղթի վրա են մնում, շատ դեպքերում էլ ուսանողներին վարկեր ստանալ չի հաջողվում:

«Ոչ վճարունակ ուսանողներին չի տրվում վարկ։ Եթե աշխատանք չունի, ծնողները ստանում են միջին կամ նվազագույն աշխատավարձ, վարկ չեն տալիս, պետք է եկամուտ ներկայացվի, որպեսզի վարկ տրամադրեն»,- ասում է Ղազարյանը։

Ղազարյանն ասում է, որ ուսման վարձավճարների թանկացման դեմ սկսել են պայքարել դեռ անցած տարվեվերջից, նամակ են ուղղել կրթության նախարարությանն ու կառավարությանը, բայց փաստորեն չեն կարողացել կանխել գործընթացը: Այսօր շարունակելու ենք մեր պայքարը և հարկ եղած դեպքում ծայրահեղ միջոցների կդիմենք, ասում է նա:

Այս տարի հայաստանյան բուհեր դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2500-ով։ Կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը դիմորդների թվի կրճատումը կապում է ժողովրդագրական խնդիրների, ուսման ոչ բավարար որակի և 2008-ից շարունակվող տնտեսական ճգնաժամի ու աճող աղքատության հետ: Վարձավճարների բարձրացումը ավելի վատթարացրեց վիճակը, ասում է նա:

«Վարձավճարների բարձրացումները որոշ բուհերում միանշանակ կազդեն շատ երեխաների և ծնողների որոշման կայացման գործում»,- ասում է փորձագետը։
XS
SM
MD
LG