Մատչելիության հղումներ

Հայ֊թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով թուրք հովվի մահվան կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը օգոստոսի 1-ին նոտա է հղել թուրքական կողմին, ցավակցություն հայտնելով պատահարի կապակցությամբ և հույս հայտնելով, որ նման դեպքեր չեն կրկնվի:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում «խստիվ դատապարտում է» Հայաստանի սահմանապահների կողմից թուրք սահմանախախտ Մուսթաֆա Ուլքերի վրա կրակ բացելը և սպանելը:

«Նման միջադեպի ժամանակ, որի պատահելը սահմանին միանգամայն հնարավոր է, հայկական կողմի՝ անհամաչափ ուժ գործադրելը բացատրություն չունի», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մինչդեռ, տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ 35-ամյա հովիվ Ուլքերը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա այնուհետև փորձել է խորանալ Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահների պատասխան կրակից նա վիրավորվել է և ավելի ուշ մահացել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG