Մատչելիության հղումներ

logo-print
Երևանի «Միկրոավտոբուսային ուղևորափոխադրումների ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կայանատեղիից իրենց աշխատանքը սկսած վարորդները դժգոհում են օրվա, այսպես կոչված, պլանը բարձրացնելու փորձերից։

«Իրավունք չունեն բարձրացնելու, էն ժամանակ ասում էին՝ բարձրացնում են, որովհետև [ուղեվարձը] 150 դրամ էին սարքել, իսկ հիմա իջել է 100»,- ասում էր վարորդներից մեկը։

Թիվ 19 երթուղայինի վարորդներն ասացին՝ առավոտյան Երևանի «Միկրոավտոբուսային ուղևորների ավտոտրանսպորտ» ընկերության ղեկավարությունը ժողով է հրավիրել: Պատճառը եղել է, մասնավորապես, թիվ 23, 49, 19, 12, 34 և այլ երթուղայինների վարորդների շրջանում առկա դժգոհության ալիքը՝ կապված օրական «պլանը» 14 հազար դրամից 16 հազար դրամ դարձնելու փորձի հետ։

11 երթուղի սպասարկող «Միկրոավտոբուսային ուղևորների ավտոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Գաբրիելյանը, մինչդեռ, առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքում էր օրվա պլանը բարձրացնելու վերաբերյալ տեղեկությունը։ «Չէ, նման հարց չկա»,- պնդում էր նա։

Իսկ ի՞նչ է նշանակում պլան դնել վարորդների վրա՝ ըստ Երևանի «Միկրոավտոբուսային ուղևորների ավտոտրանսպորտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի. -«Ո՞նց կարող է նա իր պլանը չմուծի, սա իմ սեփական հիմնարկն է»,- ասաց Գաբրիելյանը։

Էդուարդ Գաբրիելյանի ղեկավարած հիմնարկում աշխատում է 280 վարորդ: Վարորդները պնդում են, որ հիմնարկի ղեկավարությունը «պլանը» բաձրացնելու փորձից առաջ չի նախազգուշացրել իրենց։

Գաբրիելյանը ի վերջո մեր հարցադրումներին այսպիսի բացատրություն տվեց «պլանը» բարձրացնելու առնչությամբ.- «Դա հին խոսակցություն է, դա հարկայինի հետ կապված հարց է, հարկային մարմինները միշտ ուզում են ռոճիկները բարձրացնել, որ շատ շահույթ ստանան, որովհետև պահումների հետ կապված հարց կա»։

Արդյո՞ք հարկային մարմինները երթուղիների շահագործումն ապահովող ընկերության տնօրենի հետ շփումներում նման հարցեր շոշափելու հանձնարարություն ստացել են: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցման պատասխանը դեռ չկա: Վարորդներն ասում են՝ «պլանը» բարձրանալու է իրենց հաշվին. -«Այսինքն մեզնից վերցնում են, մեզ տան, դա մեզ ձեռք չի տալիս»։

«Միկրոավտոբուսային ուղևորների ավտոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենը, ի դեպ, դժգոհեց 100 դրամ սակագնից։

«Եթե գազը թանկացել է, հիմա 100-ի դեպքում իմ շահույթը կիջներ, նշանակում է՝ ես զրո եմ կանգնել արդեն։ Ծախսերը ես եմ անում, վարորդը ի՞նչ կապ ունի գազի փողի հետ, դուք երևում է ինֆորմացված չեք»,- ասաց Գաբրիելյանը։

Վարորդները, սակայն, շարունակում են վկայել հակառակը, մեքենան լիցքավորում են իրենք։

16 ժամ, առանց հանգստի իրավունքի վարորդների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ երթուղայինների աշխատանքը համակարգողը հարցադրում հնչեցրեց՝ ի՞նչ է նշանակում վարորդները ստիպված են աշխատում։

«Իսկ ո՞վ է իրենց վրա հրացան պահել»,- հեգնեց Գաբրիելյանը։
XS
SM
MD
LG