Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կարճ ժամկետում իշխանափոխության անհրաժեշտություն է տեսնում


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանում հնարավորինս շուտ իշխանափոխության անհրաժեշտություն է տեսնում:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում վկայակոչելով երկրում ստեղծված իրավիճակն ու արտագաղթի տեմպերի մասին Ազգային վիճակագրական ծառայության վերջին «խոսուն» ցուցանիշները, անհրաժեշտ համարեց, որպեսզի քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը «շատ կարճ ժամանակահատվածում» համախմբվեն։ Րոպե առաջ իշխանափոխությունը նա համարում է երկիրը այս վիճակից դուրս բերելու և համակարգային փոփոխությունների հասնելու միջոցը։

«Նպատակը այսօր պետք է լինի իշխանափոխությունը, որովհետև մենք անընդհատ գնում ենք ինչ-որ նեղ խնդիրների հետևից, բայց այդ բոլոր նեղ խնդիրները առաջանում են այդ գլոբալ կառավարման համակարգի գործունեությունից։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը չի ցանկանում փոխվել»,- ասաց Մարտիրոսյանը։

«Ժառանգություն»-ը օգոստոսի 23-ին հանրահավաք է նախաձեռնել, որը, ըստ կուսակցության փոխնախագահի, բաց է ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համար։ Բացի այդ անցած ամսվա վերջից ուժի մեջ է կլոր սեղանի ձևաչափի առաջարկը, որը հնարավորություն կտա մինչև անկախության 22-րդ տարեդարձը՝ սեպտեմբերի 21-ը, միասնական քայլեր մշակել։ Մարտիրոսյանը շեշտեց, որ իրենք որևէ քաղաքական ուժի կամ կազմակերպության օրակարգ չեն թելադրում։

«Շատ կարճ ժամանակահատվածում պետք է համախմբվենք, կրկնում եմ ՝ համախմբվենք, ոչ թե համախմբվեն մեր շուրջը կամ մենք ինչ-որ մեկի շուրջը, այլ բոլորով կլոր սեղանի շուրջ համախմբվենք։ Առանց որևէ մեկի կողմից նախօրոք գրված օրակարգի, ծրագրի, բոլորով միասին այդ օրակարգը գրենք և կյանքի կոչենք, բոլորով միասին պետք է փորձենք երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Հակառակ պարագայում ամեն մեկը կարող է իր նեղ շահը առաջ տանել, բայց այդ նեղ շահը շատ կարճ կյանք է ունենալու։ Այն ժամանակ կարող է իրենք մտածում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիր կա և քաղաքական որոշակի հաշվարկներից ելնելով չէին ցանկանում միավորվել, հիմա այդ խնդիրը չկա։ Խնդիրը վերաբերում է Հայաստանին»,- ասաց նա։

Ողջունելով քաղաքապետարանի գործողությունների դեմ երիտասարդ ակտիվիստների ընդվզումը՝ «Ժառանգության» փոխնախագահը շեշտեց, որ իրենք նրանց կողքին են, մշտապես մասնակցում են ակցիաներին, պատրաստ են փորձել համատեղ ուժերով իրավիճակ փոխել։ Բայց համակարգային փոփոխությունների հասնելու համար Մարտիրոսյանը անհրաժեշտ է համարում պայքարը բերել քաղաքական դաշտ։

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակից ակտիվիստները ողջունում են շահագրգիռ ուժերին համախմբելու և միասնական օրակարգ ձևավորելու գաղափարը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք որևէ կուսակցական դրոշի տակ չեն մտնի։

«Ընդհանուր գաղափարը, կարծում եմ, լավ գաղափար է, եթե իհարկե, որևէ կուսակցություն կամ որևէ քաղաքական սուբյեկտ իր դրոշի շահերը առաջ չի տանելու այդ կլոր սեղանի շուրջ կամ հետագա պրոցեսների ընթացքում։ Եթե նման կոնսենսուս լինի, որ առհասարակ դրոշը մեկն է լինելու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ես լավ եմ գնահատում այդ երևույթը, թեև անձամբ առայժմ չեմ պատրաստվում մասնակցել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահագն Մինասյանը։

Հարցին, թե այս պայքարը քաղաքականացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, ակտիվիստը պատասխանեց. -«Ի՞նչ է նշանակում քաղաքականացնել, մի՞թե սա դասական քաղաքականություն չէ, ըստ էության։ Պարզապես, տարիներ շարունակ քաղաքական դաշտը, ասպարեզը այնքան է արատավորվել, այնքան է արժեզրկվել, որ հանրության մոտ ոչ ադեկվատ ռեակցիա է առաջանում, հակակրանք, քաղաքացիները ուղղակի բացասական են տրամադրված այդ երևույթի նկատմամբ։ Միթե պաշտոնյաների պաշտոնանկության պահանջը քաղաքական պահանջ չէ, կամ մի՞թե երթուղայինի գնի թանկացման հետ կապված այդ համընդհանուր ընդվզումը քաղաքական գործունեություն չէ, իհարկե, քաղաքական գործունեություն է։ Պետք չէ այդ երևույթից խուսափել կոնկրետ քաղաքացիական պայքարի իմաստով։ Կուսակցական մտածելակերպը փոքր ինչ հին է և մնացել է նույն կարծրատիպերի մեջ»։

Ոչ իշխանական քաղաքական ուժերի համար անհասկանալի է «Ժառանգության» առաջարկը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առաջարկը որակեց «անօրակարգային», ընդամենը «տպավորություն ստեղծելու» նպատակ հետապնդող:

«Մարդիկ մեզ չեն պատվիրակում մասնակցելու ինքնանպատակ, անօրակարգային քննարկումների։ Գործնական քայլեր, խնդրում ենք, առաջարկներ»,- ասաց նա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը ևս նպատակահարմար չի գտնում իրենց մասնակցությունը այդ նախաձեռնությանը:

«Այն նպատակը, որ առաջ են քաշում «Ժառանգություն» կուսակցության ղեկավարները, իհարկե, ընդհանուր առմամբ դրական նպատակ է, բայց ես դա համարում եմ ժամանակավրեպ և չնախապատրաստված։ Այսօր հայտարարել հեղափոխության մասին և չպայմանավորվել գոնե տասը քաղաքական ուժերի հետ, և վստահ լինել, որ այդ տասը իր հետ միասին նախաձեռնելու են այդ կլոր սեղանը և հեղափոխական գործընթացների հիմքն են դնելու Հայաստանում, ես կարծում եմ, որ դա միամտություն է։ Պարտադիր չէ կլոր սեղանի շուրջ պայմանավորվել, և ընդհանրապես, պայմանավորվածությունները կլոր սեղանի շուրջ չեն լինում։ Նախապես պայմանավորվում են, բանակցում են, որից հետո կլոր սեղանի շուրջ քննարկվում է ծրագիրը, որը նույնպես արդեն ունենում են, դետալներն են քննարկվում։ Իսկ այսօր ուղղակի դատարկ հողի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում քաղաքական ուժերին»,- ասաց պատգամավորը՝ հեղափոխության մասին հայտարարությունները որակելով «վտանգավոր»։

«Երբ ի կատար չի ածվում հայտարարվածը, ժողովրդի մեջ հերթական հիասթափության մի մեծ տրամադրություն է ստեղծվում, ժողովուրդը սկսում է մտածել, որ չի կարելի վստահել քաղաքական ուժերին, նրանք ընդամենը խոսում են։ Րաֆֆի Հովհաննիսյանը վտանգում է ընդհանրապես վերաբերմունքը դեպի քաղաքական ուժերը»,- ասաց պատգամավորը։
XS
SM
MD
LG