Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին դժգոհում է, որ Ադրբեջանի ընդդիմադիրները հավաք են անցկացրել Թբիլիսիում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ

Վրաստանի տարածքը չպետք է օգտագործվի հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի դեմ քաղաքական մանիպուլյացիաների համար, ասել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեծ դժգոհություն է հայտնել օրերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի ընդդիմադիրների հավաքի կապակցությամբ՝ գտնելով, որ այն կարող է վտանգել Ադրբեջանի հետ հարաբերությունները:

Երեկ իր կուսակցության պատգամավորների ու նահանգապետերի հետ համատեղ հանդիպմանը Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում հավաքված Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները ուղարկվել էին Մոսկվայի կողմից: Սաակաշվիլին կառավարությանը կոչ է արել նման հարցերում զգուշություն ցուցաբերել:

«Մենք ժողովրդավարական, ազատ երկիր ենք, այստեղ կարելի է ցանկացած քաղաքական ակտիվություն ցուցաբերել, սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այդ մարդիկ ուղղորդվում և ֆինանսավորվում են Ռուսաստանի անմիջական ղեկավարության կողմից: Նրանք այդ մարդկանց հրապարակ են հանել կոնկրետ նպատակով՝ խախտելու Ադրբեջանի քաղաքական կայունությունը», - ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով. - «Ադրբեջանի քաղաքական կայունությունը Վրաստանի քաղաքական կայունության նախապայմանն է»:

Նա նշել է, որ Վրաստանի տարածքը չպետք է օգտագործվի հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի դեմ քաղաքական ինչ-որ մանիպուլյացիաների համար: «Այդ հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք», - շեշտել է նա՝ հավելելով. - «Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի, Թուրքիայի հետ հարաբերությունները բավականին նուրբ թեմա է Վրաստանի համար, և շատ կարևոր է, որպեսզի մենք պահպանենք այդ հարաբերությունները»:

Ադրբեջանի ընդդիմադիրները հուլիսի 30-31-ը Թբիլիսիի հյուրանոցներից մեկում հավաք էին անցկացրել, որին մասնակցել է հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը, ում ընդդիմությունը որոշել է միասնական թեկնածու առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG