Մատչելիության հղումներ

Կիվիրյանը կշարունակի մասնակցել ակցիաներին


Արգիշտի Կիվիրյան, արխիվ
Արգիշտի Կիվիրյան, արխիվ

«Ինձ համար ամենամեծ արդյունքը կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաստատվի սահմանադրական իրավակարգ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իրավապաշտպանը:

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ չնայած նախօրեին տեղի ունեցած միջադեպին՝ շարունակելու է մասնակցել Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող ակցիաներին:

Նա նշեց, որ ոչինչ չի կարող իրենց խանգարել՝ իրականացնելու այս կամ այն գործողությունը: «Մենք պարտավոր չենք ենթարկվել ոստիկանության այս կամ այն ապօրինությանը: Առավել ևս, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես գիտենք, ոչ մեկի իրավունքը պաշտպանված չէ՝ ոչ մի շարքային քաղաքացու, պարզ է՝ այդ թվում և իմ իրավունքները պաշտպանված չեն», - ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք՝ հինգշաբթի կեսօրին Արգիշտի Կիվիրյանը փորձել էր քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրել, հայտարարել էր, որ ոստիկանության ցանկացած պահանջ՝ չտեղադրել վրան, ապօրինություն է, կոչից հետո բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Նա փոխանցեց, որ իրեն ոստիկանությունում պահել են 3 ժամ 20 րոպե, այնտեղ ոչինչ չի կարդացել, ոչնչի տակ չի ստորագրել: «Այդ ընթացքում, ասացի, ինձ հասցվել են վնասվածքներ, վնասվել է նաև իմ գույքը, ես չեմ կատարել որևէ ապօրինություն, չեմ կատարել որևէ հանցանք, զանցանք: Իմ փաստաբանները կզբաղվեն այդ հարցով, որպեսզի լիարժեք հասնեն մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն և իմ իրավունքների վերականգնմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիվիրյանը:

Անդրադառնալով հետագա պայքարին, ակցիաներին, դրանց արդյունավետությանը՝ իրավապաշտպանը ընդգծեց․ - «Քանի որ դա ընդհանուր հասարակական շարժում է, ինքնաբուխ շարժում է, ինչպես գիտեք, ինքը չունի ոչ կազմակերպիչ, ոչ բան, այսինքն՝ տարբեր անձինք, այդ թվում՝ ես, վաղը կարող է, ասենք, մտածեմ այլ ակցիայի մասին, կարող են այլ անձինք մտածել այլ ակցիաների մասին»:

«Ասենք, հիմա, օրինակ, քաղաքապետարանի դիմաց երեք հոգի իրականացնում են նստացույց: Ես անձամբ չեմ կիսում այդ պահանջը, որովհետև գտնում եմ, որ պետք է առնվազն դրվեր Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը: Բայց ես ողջունում եմ, իրենք նման պայքարի ձև են ընտրել՝ հիմա թող փորձեն այդ ձևը հասցնել հաջողության», - հավելեց նա:

«Ինձ համար ամենամեծ արդյունքը Հայաստանի Հանրապետությունում կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաստատվի սահմանադրական իրավակարգ՝ այ դա ես կհամարեմ արդյունք: Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած պայքարի ձև տալիս է իր արդյունքը», - ամփոփեց Արգիշտի Կիվիրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG