Մատչելիության հղումներ

Օգոստոսի 2-ի մամուլ


Անդրադառնալով Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հեռանկաներին՝ «Ժամանակ» թերթը գրում է․ - «Եվրոպական կես միլիարդանոց գնողունակ շուկան Հայաստանի առաջ կբացվի, եթե Հայաստանում արտադրվող ապրանքներն ու ծառայությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Իսկ եվրոպական չափանիշները բարձր չափանիշներ են՝ որակի և անվտանգության, ինչը հայաստանյան ընկերությունների համար նշանակելու է լրացուցիչ ծախսեր: Պետք է տեխնոլոգիական ներդրումներ կատարվեն, ձեռնարկվեն հավելյալ աշխատանքներ՝ որակն ու անվտանգությունն անհրաժեշտ չափանիշների հասցնելու համար: Հարց է առաջանում՝ ո՞վ կարող է այդ ամենն անել Հայաստանում, եթե փոքր ու միջին բիզնեսը մի կերպ է կարողանում յոլա գնալ և միջոցները հազիվ ներդնում է գոյություն պահպանելու համար: Զարգացման միջոցներն այդ բիզնեսի համար կա՛մ չկան, կա՛մ առկա են բանկային թանկ վարկերի տեսքով: Հայաստանում ապրանքի որակի և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցների խնդիր չունեն խոշոր գործարարները կամ օլիգարխները: Նրանք այնքան գերշահույթներ են ստացել և այնքան ազատ միջոցներ ունեն, որ խնդիր չունեն նոր ներդրումներ կատարել ապրանքներն ու ծառայությունները եվրոպական չափանիշների բերելու համար: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագրից օգտվելու է միայն օլիգարխիան, որովհետև փոքր ու միջին բիզնեսը մրցունակ չի լինի և չի կարող օգտագործել եվրոպական հնարավորությունները»:

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած որոշ տվյալները․ - «Պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում իր գործունեությունն է դադարեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչև 5 աշխատող ունեցող խանութ: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Երևանում գործել է այդպիսի 6 հազար 768 խանութ, այնինչ անցած տարի հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 7 հազար 911: Այլ կերպ ասած՝ գերփոքր խանութների թիվը Երևանում կրճատվել է միանգամից մոտ 15 տոկոսով: Նույնն է վիճակը նաև ծառայություններ մատուցող գերփոքր օբյեկտների պարագայում: Մեկ տարվա ընթացքում 390 այդպիսի օբյեկտ դադարեցրել է իր գործունեությունը Երևանում: Սա ևս մեկ ապացույց է, որ ՀՀ-ում տնտեսության բոլոր ոլորտներն արագ տեմպերով խոշորանում են և հայտնվում մի քանի մեծահարուստների ձեռքերում: Իսկ իրենց փոքր բիզնեսները կորցնող մեր քաղաքացիները թողնում-հեռանում են երկրից»:

«Ժողովուրդ» օրաթերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության երեկվա նիստին այդպես էլ չանդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներին: Թերթը գրում է․ - «Խոստովանենք, Հայաստանում այսօր ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, գնաճի, արտագաղթի նման ցուցանիշների դեպքում ոչ միայն չխոսել այդ մասին, այլև անդադար խոսել տնտեսական ինչ-որ աճի բարձր տեմպերի մասին, մեղմ ասած, «սիրուն չէ»: Թեև չի բացառվում, որ արտագաղթի թեմային վարչապետն անդրադառնա առաջիկայում՝ հենց իր վերջին հայտարարությունների համատեքստում, երբ պարզվի, որ արտագաղթի ոլորտում ևս բարձր աճի տեմպեր են գրանցվել․․․ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Կառավարության երեկվա նիստում Տիգրան Սարգսյանի ելույթից հետո շարունակում է բաց մնալ հարցը, թե ինչպես կարող է տնտեսական կայուն աճի պայմաններում նման ծավալի արտագաղթ լինի: Համենայն դեպս, հազիվ թե օրեցօր աճող ու զարգացող երկրից մարդիկ նման տեմպերով հեռանան, ավելի շուտ՝ ճողոպրեն»:

Արտագաղթի թեմային անդրադառնում է նաև «Հրապարակ»-ը․ - «Օրեր առաջ մի հսկայական ռեպորտաժով իշխանական հեռուստաընկերություններից մեկը փորձում էր համոզել, որ Հայաստանում 3 միլիոնից ավելի մարդ է ապրում: Այդ ստերը լսելուց հետո քիչ է մնում, Անահիտ Բախշյանի սկզբունքով, գլուխ առ գլուխ հաշվես երկրում մնացածներին: Սուտ խոսելու գործում, անշուշտ, բոլոր պետական կառույցներն ու գերատեսչություններն են հմտացել, բայց մի գերատեսչություն վերջերս գերազանցել է բոլորին: Խոսքը գյուղնախարարության մասին է: Դժվար է հավատալ այս գերատեսչության հրապարակած տվյալներին Հայաստանում մշակվող հողատարածքների, անասնագլխաքանակի, արտահանվող գյուղմթերքների հսկայական, գրեթե ֆանտաստիկ աճի հետ կապված, երբ գյուղերում տների մեծ մասը փակ է, իսկ տնամերձները՝ չորացած ու անխնամ: Եթե մարդն իր տնամերձը չի մշակում, չեն կարող դաշտերն ու արտերը մշակված լինել: Երբ մարդիկ գյուղերով են արտագաղթում, իսկ ծիրանը ջրի գնով վաճառում տեղական շուկայում, չի կարող տոննաներով միրգ արտահանվել արտերկիր»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG