Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել նրա 5 ծառայակիցները։

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, 3 տարի առաջ բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Նազարյանի գործը քննեց այսպես կոչված վճռաբեկության կարգով՝ բավարարվելով ընդամենը կողմերի բերած բողոքների հրապարակմամբ։ Գործում առկա ապացույցները չհետազոտվեցին, վկաներ չկանչվեցին, որևէ նոր փորձաքննություն չնշանակվեց: Մինչդեռ, գործով տուժող կողմն ու 5 ամբաստանյալներից երկուսը Վերաքննիչ դատարան դիմելու ժամանակ պահանջել էին արդարացնել ամբաստանյալներին ու նոր դատաքննություն անցկացնել։

Մինչև որոշման հրապարակումը, Վերաքննիչը նաև մերժեց կողմերի միջնորդությունները։ Դրանցից ամենակարևորը, թերևս, կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանի միջնորդությունն էր` Նազարյանի վերաբերյալ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։

Փաստաբանը կարծում է, որ այդ պարագայում կապացուցվեր, որ Նազարյանը հոգեպես ընկճված չի եղել ու հետևաբար նրա պաշտպանյալ կապիտան Հակոբ Մանուկյանը չէր կարող նրան ինքնասպանության հասցնել։

Նախկին փորձաքննությունում փորձագետ Էլդա Գրինն էր նման եզրահանգման եկել՝ միաժամանակ միմյանց հակասող եզրահանգումներ արել։ Նա մի եզրակացությամբ հաստատել էր Նազարյանի աֆեկտիվ վիճակը, մյուսով` բացառել այն, նշելով, որ ալկոհոլային խմիչք օգտագործած անձի աֆեկտային վիճակը որոշելը հնարավոր չէ։

Հենց Էլդա Գրինի եզրակացության վրա են մեղադրյալի աթոռին նստել Նազարյանի 5 զինակիցները, որոնք մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու մեջ։ Ընդ որում, առաջին ատյանի դատարանում բոլոր վկաները նշել էին, որ Նազարյանը ընկճված, ստորացված չի եղել։

Երբ դատավորն ընթերցեց միջնորդությունների վերաբերյալ որոշումները, Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը մեղադրանքներ հնչեցրեց թե՛ դատավորների, թե՛ դատախազի հասցեին։ Այս մեղադրանքներին միացան նաև կապիտան Հակոբ Մանուկյանի հարազատները։ Նազարյանի մայրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանը գործեց այնպես, ինչպես առաջին ատյանի դատարանը՝ չիրականացրեց արդարադատություն, այլ կոծկեց իր որդու սպանության իրական մեղավորներին։

30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին: Համաձայն պաշտոնական վարկածի՝ 30-ամյա լեյտենանտն ինքնասպան է եղել: Նրա հինգ ծառայակիցները մեղադրվում են ինքնասպանության դրդելու մեջ։ Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը:

Գործով թե տուժող, թե պաշտպանական կողմերը համոզված են, որ եթե բավարարվեին իրենց միջնորդություններն ու դատարանը հետազոտեր գործում առկա բոլոր հանգամանքները, ապա պարզ կդառնար, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Նազարյանի հարազատները բազմիցս են հայտարարել, որ սպանություն է տեղի ունեցել։ Նրանք բազմաթիվ հանգամանքներ էին վկայակոչում՝ պնդելով իրենց տեսակետն ու հայտարարելով, որ մեղադրյալի աթոռին հայտնված 5 զինվորները մեղավոր չեն Նազարյանի մահվան մեջ։

Կողմերը պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի վճիռը:
XS
SM
MD
LG