Մատչելիության հղումներ

Պաշտոնական տվյալներով վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում զինվորների մահվան չորս դեպք է գրանցվել, որոնցից երեքը ձևակերպված են որպես ինքնասպանություններ, մեկը՝ դժբախտ պատահար։

Ինքնասպանություն որակված դեպքերից երկուսը տեղի են ունեցել վերջին երկու օրերին՝ երեկ և հուլիսի 30-ին, մեկն էլ՝ հուլիսի 5-ին։ Թեև երեք դեպքով էլ զինվորներին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցված, սակայն ինչպես փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, այս պահի դրությամբ դեպքերից ոչ մեկով ձերբակալվածներ չկան։

Երեկվա զոհը Վանաձորի բնակիչ, մեկ տարվա զինծառայող Մանուչար Մանուչարյանն է։ Ըստ նախնական պաշտոնական վարկածի, նա ցերեկը ժամը 13:20-ի սահմաններում պահակակետի դիտաշտարակում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է ինքն իր վրա և մահացել։ Այս վարկածը վրդովեցրել է երիտասարդի հարազատներին։ Նրա մայրը՝ Մարինե Մխիթարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ նման բան կարող էր լինել՝ համոզմունք հայտնելով, որ քննչական մարմինը իրեն հարմար վարկած է շրջանառության մեջ դնում ճշմարտությունը չբացահայտելու համար։

«Բացառվում է դա, ինքն իր ընտանիքը շատ էր սիրում, կյանքը շատ էր սիրում, ինքն էր ինձ ոգևորում ամեն պահի։ Լավ ծրագրերով գալու էր, ընդունվելու էր, ասում էր՝ «մամ, էս մի տարին մնաց, ծառայեմ, գամ իմ երազանքները իրականացնեմ»»,- ասաց մայրը՝ հավելելով, որ երիտասարդը չի բողոքել ծառայությունից, որևէ անհանգստացնող վարքագիծ չի դրսևորել, որ հարազատները փորձեին կանխել նման դժբախտությունը։

Ընտանիքին վրդովեցրել են այն լուրերը, թե Մանուչարը կրոնական ինչ-որ կազմակերպությունների է անդամակցել, և դա է գուցե ինքնասպանության պատճառը։

«Ողջ ընտանիքը առաքելական եկեղեցու հետևորդ է»,- ասաց մայրը՝ այս վարկածը շրջանառության մեջ դնելը ևս որակելով ճշմարտությունը թաքցնելու փորձ.- «Ասել են, գրպանում ինչ-որ վառված թուղթ են գտել, աղանդի մեջ է եղել... դա անհնար է, եթե նման բան են ասում, ուրեմն իրենց ոնց պետք է հարմարացրել են, հետո հայտնել են»։

Եթե մեղավորները չհայտնաբերվեն, ընտանիքը կփորձի սեփական ուժերով նրանց գտնել, պնդում է զոհվածի մայրը։ Մանուչար Մանուչարյանը հաջորդ տարվա գարնանը պետք է տուն վերադառնար։

Իսկ հուլիսի 30-ին Ղարաբաղի զորամասերից մեկում պաշտոնական տվյալներով ինքնասպանություն գործած մյուս երիտասարդի՝ 20-ամյա Արման Հովսեփի Մուրադյանի վերադարձին ընդամենը երեք ամիս էր մնացել։ Նա աշնանը պետք է զորացրվեր։ Թե ինչն է եղել այս ողբերգության պատճառը և արդյոք իրականում նա որոշել է վերջ տալ կյանքին, հայտնի չէ։ Երիտասարդը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղից է։ Ծնողներից մեկը Ռուսաստանում է, մյուսը՝ էջմիածնում։ Գյուղապետը մեզ փոխանցեց, որ իրենց ընդամենը ասել են, որ երիտասարդը ինքնասպան է եղել, ուրիշ ոչինչ։ Շրջանառվող լուրերի համաձայն, նա ծառայության հետ դժվարություններ է ունեցել և նույնիսկ մեկ անգամ փախել է։ Այս գործով էլ ձերբակալվածներ չկան։

Չի հայտնաբերվել նաև հուլիսի 5-ին զորամասի տարածքում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված Գաբրիել Լալազարյանին ինքնասպանության հասցնողը, ինչպես, համենայնդեպս, ձևակերպված է հարուցված քրեական գործում։

Իրավապաշտպանները կասկածում են

Մինչ քննչական մարմինները հիմնավորում են, որ այս բոլոր դեպքերով նախաքննություն է ընթանում հանգամանքները պարզելու նպատակով, իրավապաշտպան կազմակերպությունները մտավախություն ունեն, որ կատարվում է սովորական «ծածկադմփոց»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ այս դեպքերը դեռևս չեն ուսումնասիրել, բայց բանակում սպանությունների դեպքերը հաճախ են ինքնասպանություն որակվում՝ սպայական կազմին պատասխանատվությունից ազատվելու համար։

«Դրա համար այդ ինքնասպանություն որակելու վարկածները մեզ մոտ մեծ-մեծ կասկածների տեղիք են տալիս։ Ես կարծում եմ, որ ինքնասպանությունների վարկածով մահվան դեպքերի որակումը մնացել է պաշտպանության նախարարության միակ հնարավորությունը՝ իրենց թերությունները, եթե չասենք՝ անգործությունը և իրավիճակը վերահսկելու անկարողությունը ծածկադմփոց անելու համար»,- ասաց իրավապաշտպանը։

Խնդիրը, ըստ Սաքունցի, այն է, որ քննչական մարմիններն ու դատարանը երբևէ հաշվի չեն առնում, որ նույնիսկ ինքնասպանություն գործելու պարագայում զինվորների այդ արարքի համար կրկին զորամասի վերադասներն ու պաշտպանության նախարարությունն են պատասխանատու, և պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետև բանակում գտնվող զինվորները դժվար թե մեկը մյուսի հետևից տան կենցաղային պայմանների կամ սիրած աղջիկների պատճառով ինքնասպան լինեն։

Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ այս վերջին գործերով անազատության մեջ գտնվողներ կան, պարզապես դա պաշտոնապես չի հայտարարվում, մինչև հաջողվի նրանցից քննչական մարմնի շրջանառության մեջ դրած վարկածին համապատասխան ցուցմունքները կորզել։

«Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար Նազարյանի համար ևս ինքնասպանության վարկածն արժանահավատ չէ։

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ինքնասպանության հասցնելու հոդվածը, այսինքն՝ քողարկել մարդասպաններին։ Պաշտպանության նախարարությունը պիտի լավ հիշի, որ այդ մարդասպանները մնում են բանակում և շարունակում են սպառնալիք հանդիսանալ այլ զինծառայողների համար։ Եվ այսօր հենց այս ամիս, այս տարի զոհված զինվորների մահվան մեղավորները ի՞նչ գիտենք, միգուցե հենց այն մարդիկ են, որոնք նախկինում պետք է դատապարտվեին, բայց չեն դատապարտվել»,- ասաց Նազարյանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների համաձայն՝ հունվարից մինչ այժմ բանակում մահացության 20 դեպք է արձանագրվել, որոնցից մեկն է ձևակերպվել որպես սպանություն. Հինգ դեպք որակվել է ինքնասպանություն, երեքը՝ կանոնադրային հարաբերությունների խախտում, մնացածը դժբախտ պատահարներն են, առողջական խնդիրները, անվտանգության կանոնների խախտումը։ Ըստ այս տվյալների՝ հրադադարի ռեժիմի խախտումից զոհվել է երկու զինվոր։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG