Մատչելիության հղումներ

logo-print
Նստացույցի յոթերորդ օրը իրավիճակը քաղաքապետարանի առջև առավոտից լարված էր․ ակտիվիստների և ոստիկանների միջև առավոտյան բախում տեղի ունեցավ, երբ փորձ արվեց խոտածածկի վրա վրան տեղադրել: Չնայած իրավապահների նախազգուշացումներին, իրավապաշտան Արգիշտի Կիվիրյանը, ով բերել էր վրաններից մեկը, հայտարարեց, թե ոստիկանությունը ապօրինաբար է խոչընդոտում, ուստի վրանը տեղադրվելու է։

«Ոստիկանության ցանկացած պահանջ՝ չտեղադրել վրան, ապօրինություն է, այնպես որ սկսում ենք վրանի տեղադրում»,- կոչ արեց Կիվիրյանը։

Այս կոչից րոպեներ անց ոստիկաններն ուժի կիրառմամբ Արգիշտի Կիվիրյանին նստեցրին մեքենան և, ինչպես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հաստատեց, նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնականի բաժին և դեռ այնտեղ է:

«Չենք ձերբակալել, նրան «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համաձայն կենթարկենք պատասխանատվության։ Այն քաղաքացիները, ովքեր կփորձեն վրան տեղադրել և կարգ խախտել, կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Օսիպյանը։

Շուրջ երեք ժամ ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո Կիվիրյանն ազատ արձակվեց, ասաց՝ որեւէ փաստաթուղթ չի ստորագրել և պատրաստվում է դատարանում վիճարկել իրավապահների գործողությունները: Մինչ այդ քաղաքապետարանի առջև տասնյակ ոստիկաններ թույլ չէին տալիս երիտասարդներին գետնին դնել օդում պարզված վրանը։ Վալեի Օսիպյանն անձամբ էր քաշում վրանից: Իրավապահներին ի վերջո հաջողվեց խլել այն ու թաքցնել ոստիկանական մեքենայում։

Այս ընթացքում խոտածածկի մյուս հատվածից անհետացել էին Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի նկարներով պաստառները։ Ակտիվիստները նկատել էին՝ ոստիկաններն էին տարել։ Ի պատասխան ցուցարաները մի քանի րոպեով փակեցին քաղաքապետարանի հարակից փողոցի երթևեկությունը՝ նստելով երթևեկելի մասի հենց կենտրոնում՝ ասֆալտին: Երթևեկությունը վերականգնվեց, երբ ոստիկանները վերադարձրին պաստառները:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներից Սևակ Մամյանի գնահատմամբ՝ նստացույցի վայրում ծածկ տեղադրելը իրավաչափ է, կիզիչ արևը առողջության համար անբարենպաստ պայմաններ է ստեղծել, իսկ վրանի վրա դրված արգելքը, ըստ Մամյանի, քաղաքական որոշում է։

«Ռեժիմը վրանը դիտում է որպես պայքարի խորհրդանիշ»,- ասաց Մամյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե Տարոն Մարգարյանը քաղաքական կամք ունենար, րոպե անգամ չէր աշխատի Հենրիկ Նավասարդյանի ու Միսակ Համբարձումյանի նման պաշտոնյաների հետ:

Ակտիվիստները պնդում են՝ տրանսպորտի վարչության պետն ու «Երևանտրանս»-ի ղեկավարը «քրեական, խուլիգանական» վարք ունեն, բայց հարկերից աշխատավարձ են ստանում, հետևաբար Տարոն Մարգարյանի քաղաքական կամքի մասին խոսելը «անիմաստ է»։

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի տպավորությամբ՝ թեև քաղաքապետարանի ներսում լուռ են, բայց մթնոլորտը խիստ լարված է։

«Այս մասին ընդհանրապես չեն խոսում, բոլորը վախենում են, բայց բոլորի ուղեղներում այս թեման է, որովհետև իրենց աչքի առաջ է տեղի ունենում այս ամենը։ Չգիտեմ՝ ինչքան պիտի դիմանա քաղաքապետը՝ զանց առնելով այս երևույթը։ Ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցում է ակտիվիստների թիվը։ Մեր սահմաններին այսքան զինվոր կա՞ կանգնած յուրաքանչյուր քայլափոխին։ Քաղաքապետարանի ի՞նչն եք այսպես պաշտպանում»,- հարցրեց Բախշյանը։

Պաշտոնանկությունների հարցում Բախշյանը լավատես չէ, ասում է՝ «մեկի պոչը մյուսի տակն է, ինչպե՞ս կարող են իրար նեղացնել»։

Քաղաքապետարանի աշխատակիցները պատուհաններից հետևում են իրադարձություններին, որևէ պաշտոնյա, սակայն, այդպես էլ չմոտեցավ ցուցարարներին: Իսկ ոստիկանությունն այսօր նոր ուժեր է կենտրոնացրել՝ արդեն երկու շարք պատով շրջափակելով շենքի մուտքը: Ոռոգման համակարգը շարունակում է մեծ շիթերով ջրել խոտածածկը՝ նույնիսկ քաղաքապետարանի հարակից մայթերը պահելով ջրի մեջ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG