Մատչելիության հղումներ

Ազգագրագետը «մարդաթափություն» է որակում ահագնացած արտագաղթը


Ազգագրագետ Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյան
Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից գնացել և չի վերադարձել ավելի քան 123 հազար մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, չվերադարձածների թիվը 24 հազարով ավելի է:

Ընդ որում, ի տարբերություն անցած տարվա առաջին կիսամյակի, ցամաքային ճանապարհով, մասնավորապես, Բագրատաշենի անցակետով Հայաստանից դուրս եկողների թիվն ավելի շատ է, քան օդային ճանապարհով: Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, անցած տարվա համեմատությամբ, Բագրատաշենի անցակետն անվերադարձ հատել է շուրջ 3 անգամ ավելի մարդ:

Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ ցամաքային ճանապարհը մի քանի անգամ էժան է օդայինից: Երևանից Մոսկվա հասնելու համար, օրինակ, ուղեւորը պետք է վճարի 30 հազար դրամ և ճանապարհին անցկացնի 52 ժամ:

Տեղին է նշել, որ ցամաքային ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերություններն այսօր աշխատում են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Առաջիկա մեկնման օրվա համար այդ ընկերությունները 50-70 տեղանոց ավտոբուսի համար տեղեր գրեթե չունեին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գյումրիից ցամաքային ճանապարհով մեկնողներն ասացին, թե Հայաստանից մեկնելու պատճառն ապրուստ է:

«Ոչ ոք չի ուզի իր ընտանիքից կտրվի, այստեղից գնա՝ եթե այստեղ աշխատավարձ լինի», - ասաց ուղևորներից մեկը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սա որակում է «մարդաթափություն»․ - «Ժողովրդագրական կառուցվածքի խախտումը, երբ տարիքային խմբերը բացարձակ անհամամասն են և ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, երբ 1-15 տարեկանների թիվը և 60 և ավելի տարեկանների թիվը կատաստրոֆիկ է՝ մեկինը շատ բարձր է նորմալ կառուցվածքի համար, իսկ մյուսը շատ ցածր է, ես կարծում եմ, որ այստեղ մենք խոսում ենք ընդհանրապես մարդաթափության, ոչ թե ժողովրդավարական պարզ փոփոխությունների մասին»:

Ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե արտագաղթը չկասեցվի, ապրանքների գնաճը շարունակական է լինելու․ - «Գազի գինն էլ է բարձրանալու, հոսանքի գինն էլ է բարձրանալու, տրանսպորտի գինն էլ է բարձրանալու: Ի վերջո՝ սպառողների թիվը պակասում է․ շատ պարզ տնտեսագիտական աքսիոմաներ է, որ գործում է մեր կյանքում»:

Իշխանությունը երբեք չի ընդունել, որ վերջին տարիներին արտագաղթը Հայաստանում աղաղակող չափերի է հասել, ավելին՝ սպառնում է ազգային անվտանգությանը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանի ձեւակերպմամբ՝ արտագաղթը Հայաստանի առաջ ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկն է, և իշխանությունը քայլեր ձեռնարկում է: Դրանց թվում պատգամավորը մատնանշեց Եվրամիության կողմից Հայաստանին առաջարկված Ասոցացման համաձայնագիրը, որը գալիք նոյեմբերին պիտի նախաստորագրվի, իսկ ուժի մեջ կմտնի ստորագրումից հետո:

«Մենք կունենանք հնարավորություն նոր ներդրումների և կունենանք հնարավորություն նոր աշխատատեղերի, որը իր հետ կբերի նաև այդ պրոբլեմի լուծման նոր հնարավորություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մինասյանը:

Հայաստանի վերջին ռեսուրսներն օգտագործելը չափազանց կարևոր համարող իշխանության համար արտագաղթի դեմն առնելու ծրագրեր կազմելը, ըստ Հրանուշ Խառատյանի, շատ ցավոտ կարող է լինել․ - «Առաջին հերթին դատարանը պետք է կարգին լինի: Սա թիվ մեկ խնդիրն է: Թիվ մեկ խնդիրն է և՛ աշխատատեղերի, և՛ աշխատանքային շահագործման, և՛ տնտեսական նախաձեռնությունների, որոնք կարող խեղդվել հենց չեղած, և՛ մոնոպոլ չարաշահումների և այլնի դեմ: Կարծում եմ, որ այս հարցը չլուծելու համար պլաստիկ լուծումներ են գտնում: 18 տարեկանների [երեխա ունենալու] խրախուսում… Մի խոսքով՝ ծիծաղելի բաներ»:

Վահագն Խաչատրյանն այս կապակցությամբ ասաց․ - «Անլրջության վերին աստիճանի է հասնում: Այս մարդիկ ուղղակի ծաղրում են մեզ, նաև հասարակությանը: Ի՞նչ է նշանակում Հայաստանում 18-20 տարեկան աղջիկներին ամուսնացնելը: Մարդկանց ժողովրդագրական զարգացման խնդիրը ոչ թե պետք է լուծվի այդ ձևերով, այլ ուղղակի պայմաններ ստեղծվի: Մարդիկ կորոշեն»:
XS
SM
MD
LG