Մատչելիության հղումներ

Ակտիվիստները Մաշտոցի պուրակում հանդիպեցին Հանրային խորհրդի ներկայացուցիչներին


Ակտիվիստները Մաշտոցի պուրակում հանդիպում են Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, 31-ը հուլիսի, 2013թ․
Ակտիվիստները Մաշտոցի պուրակում հանդիպում են Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, 31-ը հուլիսի, 2013թ․

Հանդիպումը սկսելուց առաջ ակտիվիստները խնդրեցին հեռուստատեսությունների ներկայացուցիչներին հեռանալ:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Մաշտոցի պուրակում հավաքվել էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները, եկել էին ներկայացուցիչներ Հանրային խորհրդից, այդ թվում՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանդիպումը սկսելուց առաջ ակտիվիստները խնդրեցին հեռուստատեսությունների ներկայացուցիչներին հեռանալ, որովհետև, ըստ նրանց, որոշ լրատվամիջոցներ այնտեղ էին շոու սարքելու համար և նախկինում իրենց խմբի գործունեությունը չէին լուսաբանել, եկել էին միայն այս անգամ, այն էլ՝ ցույց տալու, որ երիտասարդները համագործակցում են իշխանության հետ Հանրային խորհրդի միջոցով: Մի քանի հեռուստաալիքների լրագրողներ հեռացան:

Նախ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ ցանկանում են վրաններ տեղադրել քաղաքապետարանի առջև, քանի որ երիտասարդների նստացույցն անցնում է ծանր պայմաններում, ցերեկը՝ կիզիչ արևի տակ, գիշերը՝ ցրտին:

Մեկ այլ ակտիվիստ՝ Գայանե Մելքումյանը վկայակոչեց մարդու իրավունքների պաշտպանին ու ասաց, որ ըստ օմբուդսմենի՝ օրենքն իրենց կողմից է, ու այդ պատճառով էլ այսօր կարող են տեղադրել վրանները: «Մենք նախորդ տարվանից ունենք նաև մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը այն մասին, որ բողոքի իրենց ձայնը բարձրացնող քաղաքացիները իրավունք ունեն բավարար միջոցների ապահովման պետության կողմից, որպեսզի կարողանան իրացնել իրենց այդ իրավունքը, ինչը այս դեպքում վրանն է», - հայտարարեց Մելքումյանը:

Ակտիվիստ Արթուր Գրիգորյանն ասաց, որ անիմաստ է համարում պահանջել քաղաքապետարանի երկու աշխատակիցների պաշտոնանկությունը, որովհետև նրանք միայն կատարողներ են: Նրա հետ շատերը համաձայն չէին ու ասում էին, որ քաղաքապետարանի աշխատակիցներ Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնակություն կարող է նախադրյալ դառնալ:

Մշակութաբան Աղասի Թադևոսյանը հայտարարեց․ - «Սա կոնկրետ նախադեպ է մեր երկրում՝ պատասխանատվության կանչել այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են իրենց կատարած ոչ կոռեկտ քայլերի համար»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առաջարկեց երիտասարդներին ակտիվիստներից ներկայացուցչական խումբ ձևավորել և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցել, քանի որ խորհուրդը պատրաստվում է քննարկել տրանսպորտի բարեփոխման հարցերը:

«Մենք խումբ ենք ստեղծել, մենք ուզում ենք ներկայացնել իշխանություններին մոդել, թե ինչպիսին պետք է լինի տրանսպորտը Հայաստանում, կամ եթե իշխանությունը ներկայացնի՝ մենք փորձաքննություն անենք, դա է մեր նպատակը: Այսպես խմբով աշխատենք՝ հնարավոր չէ, բայց եթե իրենցից մի քանի հոգի կային, որ պրակտիկ կոնստրուկտիվ առաջարկություններ ունեին, մենք մեծ սիրով իրենց կլսենք Հանրային խորհրդում, կնստենք միասին կքննարկենք», - ասաց Մանուկյանը:

Արդեն հայտնի է, որ ակտիվիստները խմբի անունից մարդկանց չեն ուղարկի Հանրային խորհրդի նիստերին մասնակցելու, բայց նաև ասում են, որ եթե իրենց շարքերում կան մարդիկ, որ ցանկանում են գնալ՝ կարող են:

Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը առաջարկեց այլևս չօգտագործել «գիծ», «գծի տեր» արտահայտությունները, որովհետև, ըստ նրա, դրանք հանցավոր խմբերի ժարգոնից են:

Գևորգ Դաստուրյանը ասաց, որ պետք է պահանջել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը շեշտում է՝ Նավասարդյանի և Համբարձումյանի պաշտոնանկությունները պետք է վկայեն, որ Հայաստանում պաշտոնյաները պատասխանատու են հանրության առջև։ Ինչպես ակտիվիստներից Դավիթ Հարությունյանը ձևակերպեց, սա դառնալու է նախադեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG