Մատչելիության հղումներ

Երկու վատառողջ պատանու զորակոչը կանխվել է օմբուդսմենի միջամտությամբ


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Երեքշաբթի օրը՝ գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին:

Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ, առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար, և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք: N զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովից մաշկային հիվանդություն ունեցող քաղաքացուն ուղարկել էին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, իսկ մյուս դեպքում զինկոմիսարիատի հանձնաժողովի հոգեբույժը քաղաքացուն ուղեգրել էր ստացիոնար հետազոտման, սակայն տվյալ զինկոմիսարիատի ղեկավարը մերժել էր առանց պատճառաբանության՝ ենթադրելով, որ քաղաքացին պիտանի է ծառայության համար: Փաստի առթիվ ռազմական ոստիկանությունն արդեն իսկ նյութեր է նախապատրաստում:

Հունիսի 11-ից մեկնարկած զորակոչի ընթացքում օմբուդսմենի աշխատակազմը բազմաթիվ բողոքներ և ահազանգեր է ստացել անհանգստացած ծնողներից, քանի որ առողջական բարդ խնդիրներ ունեցող իրենց երեխաներին զորակոչում են Զինված ուժեր: «Դատապարտելի է նման քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչելը, քանի որ զինկոմիսարիատների անբարեխիղճ աշխատելաոճը կարող է հանգեցնել առողջական վիճակի հետագա վատթարացման և անդառնալի հետևանքների», - ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իր տարածած հաղորդագրությունում՝ առաջարկելով պաշտպանության նախարարությանը խիստ հսկողություն սահմանել զինվորական կոմիսարիատների գործունեության ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG