Մատչելիության հղումներ

Ստալինի ծննդավայրում կվերականգնվի նրա արձանը


Վրաստան - Գորիի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվում է Ստալինի արձանը, 25-ը հունիսի, 2010թ․
Վրաստան - Գորիի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվում է Ստալինի արձանը, 25-ը հունիսի, 2010թ․

Վրաստանի նախագահը այդ որոշումը «բարբարոսական, հակավրացական քայլ» է որակում և վարչապետին կոչ է անում չեղյալ հայտարարել այն:

Ստալինի հուշարձանը նրա ծննդավայր Գորի քաղաքում կվերականգնվի մինչև տարեվերջ: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:

Գորիի կենտրոնական հրապարակում մի քանի տասնամյակ կանգուն մնացած այս հուշարձանը միակն էր Խորհրդային Միության ողջ տարածքում, որ չապամոնտաժվեց Նիկիտա Խրուշչովի իշխանության` այսպես կոչված ձնհալի տարիներին: 2010 թվականի ամռանը, սակայն, Ստալինի հուշարձանը մի գիշերում ապամոնտաժվեց` տեղափոխվելով խորհրդային առաջնորդի Գորիում գտնվող տուն-թանգարանի տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, հենց թանգարանի տարածքում էլ կվերաբացվի այս հուշարձանը` ենթադրաբար դեկտեմբերի 18-ին, երբ նշվելու է Ստալինի ծննդյան օրը:

Երեքշաբթի օրը, սակայն, պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրուկ քննադատության ենթարկեց այս որոշումը: Այս մասին Վրաստանի նախագահը հայտարարեց Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Այժմ իմ ձեռքին է մշակույթի նախարարության որոշումը` Ստալինի հուշարձանը վերականգնելու մասին: Այս որոշման հեղինակներին կոչ կանեմ չմոռանալ, թե ով է եղել Իոսիֆ Ստալինը վրացիների համար: 1921 թվականին նույնիսկ արնախում Վլադիմիր Լենինն էր դեմ հանդես գալիս Վրաստանի գրավմանը: Բայց հենց Ստալինի պնդմամբ 11-րդ Կարմիր բանակի ստորաբաժանումները մուտք գործեցին Վրաստանի տարածք ու վերջ դրեցին մեր անկախությանը: Հենց Ստալինն էր, որ մեր լավագույն հողերը կտրեց մեր երկրից ու տվեց ուրիշներին», - նշում էր Սաակաշվիլին:

Հետաքրքիր է, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը հերքում է, թե Ստալինի հուշարձանի վերականգնման որոշումը Թբիլիսիում է կայացվել: Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ հուշարձանների վերականգնման հարցը տեղական իշխանությունների իրավասության շրջանակում է, և կոնկրետ այս դեպքում որոշումը կայացրել են Գորիի քաղաքապետարանում: Սաակաշվիլին, սակայն, Իվանիշվիլիի կառավարության այդ պնդումները «հեքիաթ» է որակում:

«21-րդ դարում Ստալինի արձանի վերականգնումը բարբարոսական, հակավրացական քայլ է, որ կարող է նպաստել միմիայն Վրաստանի մեկուսացմանը միջազգային ասպարեզում: Ստալինի արձանի վերականգնումը մի քաղաքում, որ ընդամենը մի քանի տարի առաջ ռմբակոծվել է Ռուսաստանի կողմից, ծաղր է օգոստոսյան պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին: Ես կոչ եմ անում վարչապետ Իվանիշվիլիին չեղյալ հայտարարել այս հիմար որոշումը: Եվ պետք չէ ինձ հեքիաթներ պատմել, թե որտեղ է կայացվել այդ որոշումը: Ես դեռ չեմ խենթացել և շատ լավ գիտեմ, թե այս երկրում ով ինչ որոշում է կայացնում», - հայտարարեց Վրաստանի նախագահը:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, վրացական հանրության մեծ մասը Սաակաշվիլիի` Ստալինին ուղղված այս գնահատականները չի կիսում: Մարտի սկզբին Քարնեգի հիմնադրամի հրապարակած հետազոտության համաձայն` վրացիների 68 տոկոսը նշել էր, որ Ստալինն իմաստուն ղեկավար էր: Վրացիների 74 տոկոսի համոզմամբ՝ հենց Ստալինի ջանքերի շնորհիվ էր, որ Խորհրդային Միությանը հաջողվեց հաղթել նացիստական Գերմանիային: Ընդհանուր առմամբ, հարցված վրացիների 45 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում Իոսիֆ Ստալինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG